Վանաձորում դեռեւս 2016 թվականի ամռանը կատարված սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է:

Ոստիկանությունից  հայտնում են, որ 2016թ. հուլիսի 3-ին Վանաձոր բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ժամը 12։20 –ին հիվանդանոց էր բերվել տղամարդու դիակ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով եւ ձախ թեւի քերծվածքներով։ Ոստիկանները անմիջապես մեկնել էին հիվանդանոց ու պարզել, որ Արմեն Մնացականյանի դիակը Վանաձորին հարակից հանդամասում գտնվող քլորատան մոտից բժշկական կենտրոն է տեղափոխել 55-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը՝ «Լեքսուս» մակիշի ավտոմեքենայով։

Պարզվել է, որ վեճը ծագել էր Վանաձորի Թումանյան փողոցում գործող ծաղկի սրահի փաստացի սեփականատեր՝ Վանաձորի 30-ամյա բնակիչ, անհատ ձեռնարկատեր Արմեն Վ.-ի եւ իր շրջապատում «Կաֆոյի Ռոբո» անունով հայտնի Ռոբերտ Մարտիրոսյանի միջեւ։

Ծաղկի սրահում երրորդ անձի միջոցով մանրելուց հետո կողմերից մեկը պնդել էր թե վերադարձվել է չորս հատ հազարանոց։ Մյուսը՝ թե նման թյուրիմացություն պարզապես հնարավոր չէ։ Ֆինանսական խնդիրը դարձել էր ինքնասիրության հարց, զիջելը՝ պատվազրկություն։ Ընդլայնված կազմով պարզաբանումները շարունակվել են Վանաձորի Մայմեխի խճուղուն հարակից հանդամասում։

Այստեղ Արմեն Վոփյանն ու Ռոբերտ Մարտիրոսյանը առանձնացել են, շարունակել նույն վեճը։ Համաձայնության չգալով Վոփյանը իր մոտ եղած ապորինի հրազենով մի քանի անգամ կրակել է Մարտիրոսյանի ուղղությամբ, բայց վրիպել, ապա նույն զենքով կրակել է Մարտիրոսյանի հետ եկած երկու ընկերներից մեկի՝ 55-ամյա Արմեն Մնացականյանի ուղղությամբ՝ հրազենային մարմնական վնասվածքներ պատճառել նրան ու Մնացականյանը տեղում մահացել է։ Ընկալելով կատարվածը եւ կանխատեսելով բացահայտումն ու պատիժը Արմեն Վոփյանը դիմել է փախուստի։

Զննությամբ հանդամասում հայտնաբերվել էին «Մակարով» ատրճանակի կրակված երեք պարկուճ։ 2016թ հուլիսի 3-ին հարուցվել էր քրեական գործ՝ Արմեն Վոփյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոցը՝ կալանավորում։

Եվ ահա օրեր առաջ՝ մարտի 14-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Վանաձոր քաղաքի Տարոնի եւ Գուգարքի բաժինների ձեռնարկած օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ Վանաձորի Տարոն 3 թաղամասում հանգուցյալ մի քաղաքացու բնակարանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Արմեն Վոփյանը։