Անսխալական կառույց չկա, բայց ես վստահեցնում եմ, որ մեր զինվորները իմ պաշտպանության նախարար եղած ժամանակ, հիմա էլ հագուստի, սնունդի խնդիր չունեն: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Արթիկում նախընտրական հանդիպման ժամանակ նշել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

 Արթիկ ժամանելուն պես արթիկցիները շրջապատեցին Սեյրան Օհանյանին: Վերջինս արթիկցիներին դիմեց իրենց լեզվով. «Ինչխ ենք»:

«Հըլը որ լավ ենք»,- արձագանքեցին արթիկցիները, անհամբեր սպասելով դաշինքի թեկնածուի ելույթի ավարտին, որ վերջում դիմեն իրենց հարցերով:

Զինվորների մայրերը Սեյրան Օհանյանին դիմեցին բնակարանների խնդրով, մի քանիսը հանձնեցին նամակներ: Նրանցից մեկը բողոքեց բանակի սնունդից եւ զինվորների հագուստներից: Սեյրան Օհանյանը զայրացավ եւ չհամաձայնեց մայրերի հետ:

Մինչ նախկին Պնախարարը ներկայացնում էր իր դաշինքում բանակին, զինվորներին վերաբերող կետերը, Արթիկի բնակչուհիներից մեկն ընդհատեց. «Ես բազմիցս ձեզ նամակ եմ գրել, բայց ձեզ չի հասել: Ինչխ են ուտում մեր տղերքը, ամեն շաբաթ բարձած ավտոբուսներ են գնում զորամասեր, ամեն շաբաթ տղիս շոր եմ ուղարկում»:

Սեյրան Օհանյանն ասաց. «Թույլ տվեք պատասխանեմ ձեր հարցին», սակայն կրկին չկարողացավ խոսքն ավարտին հասցնել. «Բա պտի պատասխանես, ի՞նչխ եմ հարցս տալիս, ինչխ պտի չպատասխանես»,-ընդհատեց զինվորի մայրը:

«Ես խոստովանում եւ վստահ ասում եմ, որ այսօր յուրաքանչյուր զորամասում, թիկունքային զորամասերից սկսած սնունդի խնդիր չկա: Զինվորները սոված չեն մնում: Այո, նրանք գուցե չեն սնվում այնպես, ինչպես իրենց տներում, օջախներում, բայց սնունդի խնդիր մեր զինվորները չունեն: Նույնը եւ հագուստի առումով: Ես կարող եմ զորամաս առ զորամաս շրջել, մեր զինվորները որեւէ խնդիր չունեն: Անսխալական կառոււց չկա, բայց ես վստահեցնում եմ, որ մեր զինվորները իմ պաշտպանության նախարար եղած ժամանակ, հիմա էլ հագուստի, սնունդի խնդիր չունեն»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նա ընդգծեց, որ դաշինքի ծրագրում առանձին կետով անդրադարձել են բանակին. «Բնակարաններ տրամադրելու ծրագիրը դարձնելու ենք 3 տարի: Այսօրվա համակարգում ըստ կառավարության ծրագրի ազատամարտիկների ընտանիքները պետք է 30 -40 տարի սպասեն, մինչեւ օրենց հերթը հասնի: Այդ ծրագիրն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է 18 մլն դոլար: Մենք գտնելու ենք այդ գումարները եւ այս ծրագիրը առնվազն երեք տարում լուծելու»: