Երեւանի «Սան Լազար» սգո սրահում այսօր՝ մարտի 21-ին, տեղի է ունեցել «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի, հոգեհանգստի արարողությունը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հոգեհանգստին եկել են բազմաթիվ քաղաքացիներ, մշակույթի եւ քաղաքական գործիչներ, այդ թվում «Ելք», «Ծառուկյան» եւ «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքների ներկայացուցիչները:
Լրագրողների հետ զրույցում «Օհանյան- Րաֆֆի- Օհանյան»-ի դաշինքի անդամ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը նշեց, որ Արթուր Սարգսյանի կալանավորման պատճառը եղել է նրան երկրորդ անգամ կալանավորելը եւ հույս հայտնեց, որ կալանավորման որոշում կայացնողները կենթարկվեն պատասխանատվության: հարցին՝ արդյոք Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելը քաղաքական որոշում էր, Օսկանյանը կարճ պատասխանեց՝ իհարկե:
«Իշխանություններն ամեն ինչ անելու են, որ գործը քաղաքական հարթությունից տեղափոխեն այլ հարթություն, բայց ամեն ինչ ակնհայտ է՝ ովքեր նրա կալանավորման որոշումը կայացրել են, նրանք էլ մեղավոր են Արթուրի մահվան մեջ: Այն, որ ակնհայտորեն մեղավոր են իշխանությունները, դրանում երկրորդ կարծիք չկա»,- ասաց նա:
«Ելք» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ մինչեւ բժիշկների գործողությունները քննելը պետք է չմոռանալ քննիչի մասին, որը կայացրել է Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու վերաբերյալ որոշումը:
«Կա դատավոր, որն այդ որոշումը կայացրել է, կա դատախազ, որը պաշտպանել է այդ որոշումը դատարանում: Առաջին հերթին նրանց գործողությունները պետք է քննվեն, մինչեւ բժիշկներին հասնելը բավականին պատասխանատուներ կան: Արդարադատության նախարարությունը որեւէ ֆունկցիա չունի, մենք ասում ենք՝ գլխավոր դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, դատավոր»,- ասաց նա:
Հոգեհանգստին մասնակցում է նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
Արթուր Սարգսյանին հուղարկավորելու են վաղը Շահումյանի գերեզմանատանը իր իսկ պատրաստած դագաղով:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։