Երեւանի Չարբախ թաղամասում շաբաթ օրն ընդունում էին թաղի նորահայտ հերոս, ՀՀԿ-ական վարկանիշային թեկնածու Սամվել Ալեքսանյանին։ Նրա «վկաները» վերջին ամսում պտտվում են թաղով մեկ, ցուցակներ են կազմում, մարդկանց աշխատանք ու անվճար վիրահատություններ խոստանալով՝ հույսով անում։ Եվ, ահա, բոլորը հավաքվել էին՝ տեսնելու Մալաթիայի «թագավորին», ով, բարեբախտաբար, հիմա նաեւ Չարբախին է «տիրություն» անելու։ Առանց անձրեւին նայելու, բնակիչներն առավոտից պլպլացրել էին «Դաշնամուրի հրապարակ» կոչվող տարածքը, Ալեքսանյանի ահռելի պաստառը դրել էին ամենատեսանելի վայրում, աղուհացը պատրաստ պահած՝ Երեւանի մասին երգեր էին միացրել ու «դինամիկներն» այնպես «քոքել», որ տներում հեռուստացույցները խլացել էին, ու մինչեւ «Բանգլադեշ» լսվում էր Ֆորշի ձայնը։ 

Սամվել Ալեքսանյանը եկավ ժամանակին եւ, անձրեւանոցը ձեռքին, կանգնեց չարբախցիների առաջ, իր «պլակատի» ֆոնին։ Նրան ուղեկցող մի աշխույժ ապարանցի կին անմիջապես սկսեց թվարկել թեկնածուի բարեգործությունները, եւ նրա խոսքում անշունչն ու շնչավորը, մարդն ու գույքը խառը՝ բոլորը բարեգործության սուբյեկտներ դարձան։ «Ալեքսանյանների հիմնադրամն ամենուրեք է՝ ուսուցչին պատվար, դպրոցին պատվար, այգիներ, ջրագծեր, զոհված ազատամարտիկների ընտանիքներ, ուսանողներ, ծերանոցներ։ Նա 7 հազար աշխատատեղ է ստեղծել, իր գումարները դուրս չի հանել, հայրենիքում է ներդրումներ արել»,- ասում էր կինը՝ թվարկելով թեկնածուի «պետականամետության» ապացույցները։ Նա կուրծքը ծեծելով՝ բացականչում էր, որ Ալեքսանյանն այս ժողովրդի աղն է ու բոլորին մի պտղունց բան կհասցնի։

Ելույթի կեսից կինը բարկացավ․ «Հերիք է Մալաթիայի անունը տան, ամեն ինչ Մալաթիային, Մալաթիային, հերիք է, հիմա անցնում ենք Շենգավիթին, որովհետեւ սա Երեւանի շեն դարպասն է եղել»։ Ապարանցի կնոջից հետո խոսափողին մոտեցավ Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը եւ ասաց, որ 90 թեկնածուներից, որոնք այստեղ գալիս են, խոստումներ են տալիս, ամենաարժանավորն իր ընկեր Ալեքսանյանն է։ «Մենք չենք ուզում, որ դուք ընկնեք թյուրիմացության մեջ, համեմատեք մեր թեկնածուի հետ նրանց արածները, կտեսնեք»,- ասում էր փոխքաղաքապետը՝ վարչական ռեսուրսն իր «հեղինակավոր կարծիքի» տեսքով ի նպաստ դնելով ընկերոջ ընտրության գործին։ Հետո էլ խոսեց Չարբախի բնակիչ Ռազմար Վարդումյանը, բայց նրա խոսքը դուր չեկավ մարդկանց, որովհետեւ նա ասաց․ «30-ականներից քարտեզի վրա Չարբախը կար, Երեւանի տարածք էր համարվում, բայց իրականում այդպես չէ, մենք անտեսված ենք քաղաքից»։ Ու խնդրեց, որ Ալեքսանյանը Չարբախը միացնի Երեւանին։

Սամվել Ալեքսանյանը խոսեց կարճ եւ խոստացավ գալ 5 տարի հետո․ «Շնորհակալություն, որ էս անձրեւին նեղություն քաշեցիք՝ եկաք մեր հանդիպմանը։ Երեւի ես անձրեւին ոչ մեկի հանդիպմանը չէթայի, ասեմ ձեզի։ Շատ շնորհակալ եմ։ Էս ինձ համ պարտավորացնում ա, համ նենց կանենք, որ մեր կապերը միշտ ըլնի։ Մենք էն մարդիկ չենք, որ ընտրեք ու փոշմանեք։ Մնացածի համար կյանքը շարունակվում ա, մեկ ա՝ 5 տարի հետո էլի գալու եմ ես»։ «Հայդուկ» ջոկատն էլ սուրհանդակ էր ուղարկել Մալաթիայից, ով մի նամակ-դիմում էր բերել ու հայտարարեց, որ 100 հոգի ազատամարտիկներով միացան Ալեքսանյանին։ Սրանով հանդիպումն էլ ավարտվեց, անձրեւն էլ։Նյութի աղբյուրը ` Hraparak.am