Երեւանում այսօր՝ մարտի 22-ին, հրաժեշտ են տալիս Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերողին»:

Արթուր Սարգսյանի հուղարկավորության արարողությանը մասնակցում են բազմաթիվ քաղաքացիներ, հայտնի մշակույթի եւ քաղաքական գործիչներ: «Հաց բերողին» քաղաքացիները սգո սրահից մինչեւ Շահումյանի գերեզմանատուն ուղեկցեցին ծափահարություններով եւ «Արթուրը չի մահացել, Արթուրը զոհվել է», «Փառք Հաց բերողին» վանկարկումներով: Ծափահարություններին միանում էին նաեւ անցորդները:

Հուղարկավորությանը ներկա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արթուր Սարգսյանի քայլը մարդասիրական էր եւ իշխանությունները նրա հետ այդպես վարվելու իրավունք չունեին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։