«Ժողովուրդը» գրում է. «ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վրաստանից մաքսանենգ եղանակով Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով, որոնք էլ հայտնաբերվել ու առգրավվել են: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք մարդ, որոնցից մեկն էլ Սամվել Բաբայանն է: Ըստ ԱԱԾ-ի՝ զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով: Իսկ թե ովքեր են եղել «Իգլա» տեղափոխող մյուս երկու անձինք, ԱԱԾ-ն հույժ գաղտնի է պահում:
Որ կատարվածն իրականում քաղաքական ենթատեքստ ունի, որեւէ կասկած չի հարուցում: Ի վերջո, բավական է միայն նշել, որ Սամվել Բաբայանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստվերային ղեկավարն է, եւ ձերբակալությունը կապ ունի ընտրությունների հետ: Ինֆորմացիոն արտահոսքերի համաձայն՝ Սամվել Բաբայանին դրսից ինչ-որ ուժերի կողմից առաջարկվել էր ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից հետո բողոքի ալիք կազմակերպել, իրադարձությունները տանել սրման եւ անկարգություններ հրահրել: Ու Բաբայանի ձերբակալության բուն պատճառը հենց հետընտրական նման զարգացումները կանխելն է եղել: Ասել է, թե իշխանությունները փորձում են քաղաքական հակառակորդներին այսպես զսպել: Բայց չեն խորշում եվրոպական իրենց գործընկերներին համոզել, թե «մաքուր ընտրություններ» են անցկացնելու»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում: