Կարեն Կարապետյանի խոստումները զրո արժեք ունեն: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

«Կարեն Կարապետյանից ՀՀԿ-ն կերտում է առաջընթացի կերպար, բայց անձամբ ինձ համար երկու ամիս պահանջվեց, որպեսզի շատ հստակ դառնա, որ Կարեն Կարապետյանի խոստումները զրո արժեք ունեն:

Հիշում եք, որ նա ասում էր՝ ամեն մարդ ինչ ուզի, կարող է Հայաստան ներկրել, բայց օրեր առաջ պարզվեց, որ մարդուն ուղղակի չորով դրել արգելում են կերոսինի վաճառքը, ինչ-որ կեղծ քրեական գործեր են հարուցում: Սա ցույց է տալիս, որ սուտ են ասում, որ ներդրումներ են ուզում, սուտ են ասում, որ բանանի մոնոպոլիայի դեմ են պայքարում»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանը երկու օր առաջ բանանի մոնոպոլիստ Միհրան Պողոսյանի կողքին նստած էր. «Նա ի վիճակի սովորոկան բանանի մոնոպոլիան ջարդել: Դա կինո է, Կարեն Կարապետյանը ոչ թե առաջընթացի, այլ հետընթացի սիմվոլն է: Գնացեք հետաքրքրվեք, թե ինչու է, որ գազը ՀՀ է մտնում 160 դոլարով, իսկ ձեր տներ է հասնում կրկնակիից էլ բարձր գնով: Որովհետեւ Կարեն Կարապետյանի հիմնարկությունը՝ «Գազպրոմը» օրինակ, «Մարիոթ» հյուրանոց է կառուցել, իրենց օֆիսներն են չգիտես ինչպես կահավորում եւ բոլորի համար վճարում ենք մենք: Ոչինչ չեն անում կորուստները նվազեցնելու համար, որովհետեւ այդ գումարները պտտում մտցնում են իրենց գրպանները»,-ընդգծեց «Ելք» դաշինքի թեկնածուն: