Համայնքային ու մարզային նշանակության ճանապարհների ու կամուրջների կառուցման տեմպերը պետք է արագացնել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, վերջին շաբաթներին մարզեր ու տարբեր բնակավայրեր իր այցելությունների ժամանակ պարզել է, որ խնդիրներ կան համայնքային, մարզային եւ գյուղական նշանակության ճանապարհների շահագործման, պահպանման եւ ուղեւորափոխադրումների առումով:

Վարչապետը հանձնարարեց 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել տեսլական` սահմանամերձ համայնքների ճանապարհային խնդիրների լուծման վերաբերյալ, ակտիվացնել աշխատանքներն իրականացվող խոշոր ճանապարհային ծրագրերում մասնավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ:

«Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա, հինգ անց կես սաղ պերեկուռ են անում: Ես մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ ա: Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որեւիցե աշխատանք չի կատարվում: Նախեւառաջ էդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամուրջից դուրս անել: Շատ կոշտ մարզպետներին, բոլորին իրենց տարածքներում, կոշտ, չափազանց կոշտ, քանի անգամ ա գնում եմ, հատուկ նայում եմ, ինն անց կես աշխատող մարդ չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց պայմանագիրն էնպես արեք, որ մենք կարողանանք հետեւենք»,- ասաց Կարեն Կարապետյանը: