ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը մարտի 22-ին ձերբակալվել է, այսօր ցուցմունք է տվել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Պաշտպանի խոսքով՝ Սամվել Բաբայանն իր նկատմամբ կասկածներն անհիմն է համարում. «Կասկածներն իր նկատմամբ անհիմն է համարում, չի ընդունում: Ցուցմունք տվել է եւ նշել, որ այն ինչում իրեն կասկածում են, ոչ մի առնչություն չունի իր հետ, հետեւաբար չի ճանաչում նաեւ այն անձանց, որոնք նույն գործի շրջանակում ձերբակալվել են: Գաղտնիության շահերից եւ պաշտպանյալիս շահերից ելնելով այս պահին ավելին բան չեմ կարող ասել»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ Սամվել Բաբայանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Հարցին՝ ինչ հիմքով են ձերբակալել նրան, արդյոք ինչ-որ մեկը հաղորդում է տվել, փաստաբանը նշեց, որ դեռ պարզ չէ. «Չգիտենք այդ մասին»:

Հարցին՝ արդյոք Սամվել Բաբայանն իր ձերբակալությունը քաղաքական է համարում, ինչպես հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, պաշտպանը նշեց, որ նման կարծիք հայտնելու համար, Սամվել Բաբայանը բավարար հիմքեր չունի դեռ. «Ոչ ես, ոչ պարոն Բաբայանը նման կարծիք հայտնելու համար բավարար հիմքեր չունենք:»

Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով։

Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար եւ հանդիսանում է ռազմամթերք։

Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները։

Նախաքննությունը շարունակվում է։

Սամվել Բաբայանի ձերբակալությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որակում է որպես քաղաքական հետապնդում: Նշենք, որ Սամվել Բաբայանը երբեք չի հերքել իր կապն այդ դաշինքի հետ: