«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահն այդպես էլ դաս չեղավ իրավապահ մարմինների համար: Հիշո՞ւմ եք՝ չնայած առողջական ծայրահեղ ծանր վիճակին, նրան «Սասնա ծռերի» գործով քննիչը դատարանի միջոցով կալանավորեց, որի դեմ բողոքելու համար Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց: Այն բերեց առողջության վերջնական քայքայման ու մահվան:

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ այս օրերին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը կալանավորվել էր դեռ 2015թ-ին բացահայտված զինված խմբավորման գործով: Շիրխանյանն այլեւս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, ավելին՝ նրա մոտ ի հայտ են եկել նոր հիվանդություններ, որոնք ավելի են սրում իրավիճակը: Ու չնայած այս ամենին, Շիրխանյանին շարունակում են պահել կալանքի տակ:

«Ժողովուրդ»-ը արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից էլ հետաքրքրվեց՝ ինչ զննություն է անցել Շիրխանյանը եւ ինչ բուժում է ստանում. «Բացի քրեակատարողական հիմնարկում ստացած խորհրդատվություններից, բուժումից եւ կատարած զննություններից՝ Վ. Շիրխանյանը բազմիցս, այդ թվում նաեւ իր նախընտրած բուժհաստատություններում, իր նախընտրած մասնագետների կողմից ենթարկվել է ռեւմատոլոգի, անգիովիրաբույժի, նյարդավիրաբույժի, սրտաբանի, ուրոլոգի, նյարդաբանի զննության, կատարվել են համապատասխան լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ»:

Նման հետազոտություններ անցկացվելու են նաեւ առաջիկա օրերին: Ավելին՝ հիմա Վ. Շիրխանյանը գտնվում է դինամիկ հսկողության ներքո եւ ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում: Մինչդեռ նրա հարազատները հակառակն են պնդում` Շիրխանյանը չի բուժվում, եւ նրան խոշտանգելու գործընթացը շարունակվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում