90- տարեկանում մահացել է ականավոր պատմաբան, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայից  հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 25¬-ին ժամը 18.00-¬ին` Երեւանի Ս.Հովհաննես /Կոնդ/ եկեղեցում: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 26-¬ին ժամը 12.00-¬ից 14.00-¬ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24):

Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 22¬-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1945 թ., նա ընդունվում է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ եւ այն հաջողությամբ ավարտում 1950 թ.: Նույն տարում ընդունվում է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:

Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադ. Ս. Տ. Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում: 1954 թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական, 1968 թ.՝ դոկտորական ատենախոսությունները:

Վ. Բարխուդարյանը աշխատանքային առաջին մկրտությունը ստացել է Հայաստանի պատմության պետական թանգարանում՝ որպես կրտսեր գիտական աշխատող (1955--1958): 1958 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում՝ որպես կրտսեր (1958¬-1959), այնուհետեւ՝ ավագ (1963-¬1967), գիտաշխատող, գիտքարտուղար (1959-¬1963), փոխտնօրեն (1967-¬1990): 1990 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ նախագահությունում՝ որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս¬քարտուղար (1990¬2000), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս¬քարտուղար (2000-¬2005), ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ, հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս¬քարտուղար (2005¬-2006), ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006¬-2011), ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական (2011¬-2017 թ.):

Վ. Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության եւ հայ¬ռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Նա առաջին մասնագետներից էր, որ, գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարեւորությունը, դարձավ այդ ուղղության համակարգված ու գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը:

«Նոր¬-Նախիջեւանի հայկական գաղութի պատմություն» (հ.1¬2, Երեւան, 1967, 1985) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակական¬քաղաքական եւ մշակութային պատմությունը:

Վ. Բարխուդարյանի ուսումնասիրությունն ակնառու է դարձնում հայկական գաղութի նշանակալի դերը հարավային Ռուսաստանի՝ Նովոռոսիայի գրեթե անմարդաբնակ տափաստանները յուրացնելու, առեւտրատնտեսական կյանքը զարգացնելու գործում:

Վ. Բարխուդարյանի՝ պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների եւ Սփյուռքի պատմության» բաժնի ղեկավարության ներքո՝ ստեղծվեցին հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ. «Հայ¬հունգարական պատմական եւ մշակութային կապերի պատմությունից», «Հայ ազատագրական շարժումները եւ հայկական գաղթավայրերը 16¬18¬-րդ դարերում» (1985), «Էջեր հայ գաղթավայրերի պատմության» (1996):

Վ. Բարխուդարյանը լուրջ ներդրում է ունեցել անկախություն ձեռք բերելուց հետո դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում:

Հասկանալի պատճառներով անհնար էր դարձել նախկին դասագրքերով հայոց պատմության դասավանդումը: Նրա խմբագրությամբ լույս տեսան հայ ժողովրդի ամբողջական պատմությունն ընդգրկող չորս դասագիրք:

Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ պատմության, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտների, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի եւ այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ եւ գործուն մասնակցություն է ունեցել դրանց աշխատանքներին: Վ. Բարխուդարյանը առանձնակի ջերմությամբ ու եռանդով է մասնակցել Հայոց եկեղեցու հոգեւոր ու գիտամշակութային կյանքին: Նա երկար տարիներ եղել է Բարձրագույն հոգեւոր խորհրդի անդամ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը:

Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանն ավելի քան չորս տասնամյակ՝ որպես Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, փոխնախագահ, հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քար-տուղար, ծավալել է գիտական¬կազմակերպական ակտիվ գործունեություն: Որպես վաս-տակի գնահատում նա արժանացել է բազմաթիվ պարգեւների՝ ԽՍՀՄ Պատվո

նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Սահակ¬Ս. Մեսրոպ շքանշաններ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալ:

Վաստակաշատ գիտնական Վլադիմիր Բարխուդարյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ: