Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի թթվածնային կայանի պայթյունը տեղի է ունեցել բալոնի լիցքավորման ժամանակ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարական աշխատանքների կենտրոնի պետ Գեւորգ Գալստյանը։

Վերջինիս խոսքով, այս պահին դեռեւս վարկածներ չեն քննարկվում։

«Տուժածին Աբովյանի բժշկական կենտրոն, իսկ մահացածի մասունքները հայտնաբերվել են փրկարարական աշխատանքների ընթացքում։ Այս պահին համապատասխան մարմինները փորձում են պարզել պատճառը, այս պահին որեւէ վարկած չեմ կարող ասել, միայն հայտնի է, որ այն կատարվել է լիցքավորման ժամանակ»,–ասել է Գեւորգ Գալստյանը։

Պայթյունից հետո դեպքի վայր է ժամանել մահացած Արմենակ Ազարյանի մորաքրոջ որդի Ավետիս Դանիելյանը։

«Առավոտյան քնած էինք, մեկ էլ գմփոց լսեցինք, պատուհաններն իրար եկավ, ես իմացա երկրաշարժ է, մորաքրոջս տղեն էստեղ էր աշխատում, էդ պահին իրան զանգեցի, անհասանելի էր, որ անհասանելի էր եկա էստեղ ու իմացա... մահացել էր»,–պատմեց Ավետիս Դանիելյանը։

Նա նշեց, որ Արմենակ Ազարյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 24-ին, ժամը 08:09-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կայանը փլուզվել է, իսկ աշխատակիցներից մեկը մնացել է փլատակներում:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Կոտայքի ՄՓՎ օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը հետևել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:

Ժամը 08.40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Արմենակ Ազարյանի դին:

Թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին: