Կենտրոն և Նորք- մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նա նաև նշել է, որ մանրամասները կներկայացնի վաղը:

Ըստ պաշտպանի՝ Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Այն վերին աստիճանի անհիմն մեղադրանք է»- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՝ նշելով, որ դա իրականացվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։