Երեկ դատախազության կոլեգիային գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է նոր զինդատախազ Վահե Հարությունյանին, շնորհակալություններով ճանապարհել է նախկինին՝ Արտավազդ Հարությունյանին, եւ մի քանի հերթապահ ֆրազ է արտասանել բանակում հանցավորության բացահայտման կարեւորության մասին։
Նոր զինդատախազի կենսագրության ամենաուշագրավ փաստն այն է, որ նա 2015 թվից ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել եւ պարբերաբար հանրությանը ԶԼՄ-ների միջոցով հայտնում էր ոստիկանության աշխատողների կողմից կատարված իրավախախտումների մասին ծառայողական քննությունների վերաբերյալ։ Հավանաբար, գլխավոր դատախազն ընդհանրություն է տեսել ոստիկանության այս վարչության ու երկրի անվտանգության երաշխավոր բանակի միջեւ։ Նրա ընկերները, սակայն, համոզված են, որ ոչ մի կապ էլ կարող է չլիներ այս երկու պաշտոնների միջեւ։ «Նա իրավաբան է ու լավ իրավաբան, վատ բան չգրեք նրա մասին»,- ասաց նրանցից մեկը։ Ավելի վաղ, Աղվան Հովսեփյանի՝ գլխավոր դատախազ աշխատելու տարիներին, Վահե Հարությունյանը դատախազության աշխատող է եղել, ազատվել է եւ կրկին վերադարձել դատախազություն։ Այնպես որ՝ սա նրա երրորդ վերադարձն է հարազատ համակարգ։

Ինչ վերաբերում է արդեն նախկին զինդատախազ Արտավազդ Հարությունյանին, ապա այդ պաշտոնում նա աչքի է ընկել գլխավոր դատախազների կամքն անմռունչ ձեւով կատարելով։ Ինչպես հայտնի է, նա «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խմբի ղեկավար է եղել եւ այն ժամանակվանից հայտնի է որպես կամակատար։ Երբ նրան դիմում էին քրեական այս կամ այն վարույթի վերաբերյալ հարցերով, նա հաճախ պատասխանում էր․ «Սա իմ գործը չէ, Կոստանյանի գործն է»։ Ռազմական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն այս պահին բանակին վերաբերող երեք քրեական գործերով է ներգրավված, եւ երեք գործով էլ նախկին զինդատախազը հանցագործություն է կոծկել։

Առաջինը 2013 թ․ սպանված վանաձորցի զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործն է։ Նա մահացել է Քանաքեռի զորամասում՝ պահակային ծառայության վայրում։ Պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է, սակայն նրա հարազատները վստահ են, որ կատարվածն սպանություն է, որը, ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, զինդատախազ Արտավազդ Հարությունյանը չի ցանկացել բացահայտել։

Դատախազության վարկածի ամենաաղաղակող կետն այն է, որ, ըստ դրա, տղան երեք անգամ կրակել է սեփական ծնոտին եւ երրորդ կրակոցից հետո մահացել է։ Տղայի տաբատին եւս մի կրակոցի հետք է եղել, որը չի արձանագրվել, իսկ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մասնագետը դատարանում հարցաքննության ժամանակ պատասխանել է, որ ինքը չի ուսումնասիրել տղայի տաբատը։

2015 թ․ մայիսի 8-ին զորամասում զոհվեց եւս մեկ ժամկետային «ինքնասպան» զինծառայող՝ Հարություն Համբարյանը։ Զորամասի խոհանոցի մոտ մեծ թվով դատարկ շշեր էին գտել, որոնք վկայում էին, որ այդտեղ նախատոնական կերուխում է եղել սպանությունից անմիջապես առաջ, բայց ովքեր են ոգելից օգտագործել, նախաքննությունը պարզել չի կարողացել։ Որպես ինքնասպանության դրդող՝ գործում նախ երեւում է զինծառայող Դավիթ Հարությունյանը, եւ ողջ քննությունը կենտրոնացված է եղել այս տղայի վրա։ Հետո, հավանաբար, պարզվել է, որ նա այնքան էլ «անտեր» չէ, բայց նոր «կասկածյալ» գտնել չեն կարողացել։ Նախկին զինդատախազի «դաբրոյով» մի չտեսնված ու չլսված հնարք է կիրառվել՝ նախաքննական մարմինն ապացուցված է համարել, որ Հարություն Համբարյանն ինքնասպանություն է գործել, որ նա չի ունեցել անձնական խնդիրներ, ընտանեկան կամ ծառայական, որ նրան ոչ ոք ինքնասպանության չի դրդել, որ նա կենդանության օրոք ոչ մի հոգեկան շեղումներ կամ հիվանդություն չի ունեցել, բայց, այնուամենայնիվ, ինքնասպան է եղել։

2016 թ․ սպանվեցին զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանը եւ Սուրեն Արամյանը։ Զինծառայող Դավիթ Դումիկյանն անմիջապես դեպքից հետո ներկայացավ ու ինքնախոստովանական ցուցմունքներ գրեց՝ ասելով, որ ինքն է սպանել երկու տղաներին։ Հետո հրաժարվեց ցուցմունքներից։ Նախաքննության մարմինն առանձնացրեց երկու զոհերի մասով քննությունը եւ ապացուցված համարեց, որ Դումիկյանն սպանել է միայն Գրիգոր Ավետիսյանին, իսկ Սուրեն Արամյանի գործը փակել են եւ փորձում են ուղարկել դատարան։ Այս աբսուրդ գործով եզրափակիչ որոշման պատճենն արդեն մեկ ամիս է՝ տուժողին չեն տալիս, առանց որեւէ պատճառաբանության։ Պատճառը, ըստ տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի, այն է, որ ներքին հրահանգ կա՝ ամեն ինչ անել, որ հանկարծ Եվրադատարան նոր բողոքներ չգնան։ «Չբացահայտել գործերը, այլ կոծկել»,- ասում է քրեագետը։ Այս երեք գործով թվարկված «սխալները» բավական են, որպեսզի Արտավազդ Հարությունյանին ոչ միայն ազատեն աշխատանքից, այլեւ ազատազրկեն։Նյութի աղբյուրը ` Hraparak.am