Ազատ դեմոկրատներ կուսակցությունը հերթական քարոզարշավը իրականացրեց Սյունիքի մարզում: Ազատ դեմոկրատները առաջինը այցելեցին Տաթև համայնքի Շինուհայր բնակավայր: Թեկնածուները մինչ իրենց ծրագրի ներկայացնելը՝ անդրադարձան մեր պատմության ընթացքում սյունեցու ունեցած հզոր դերին, որը նկատելի էր նաև Արցախյան ազատամարտի տարիներին: Կուսակցության թեկնածուներն այստեղ նշեցին, որ դեմ են համայնքների խոշորացմանը. «Սյունիքում յուրաքանչյուր բնակավայր մի եկեղեցի է, մի պատմություն, ուստի պետությունը պետք է գումար տրամադրի և պահի դրանք առանձին»,-նշեց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Խ. Քոքոբելյանի խոսքերով, իրենց կուսակցությունը մյուսներից տարբերվում է՝ առաջարկելով Հայաստանի զարգացման ուղղության փոփոխություն, այսինքն՝ դառնալ Եվրամիության լիիրավ անդամ:

Անդրադառնալով ծրագրային դրույթներին՝ թեկնածուն նշեց.«Մենք ծրագրել ենք 73 հզ. դրամ կենսաթոշակ, 111 հզ. նվ. աշխատավարձ, 140 հզ. աշխատատեղ»: Կուսակցության մեկ այլ թեկնածու Հրանտ Բագրատյանն էլ նշեց. «Շինուհայում աշխատող ուսուցչու աշխատավարձը պետք է մնա գյուղում, այլ ոչ թե գնա քաղաք»: Ըստ նրա դա կնպաստի գյուղի զարգացմանը: Հրանտ Բագրատյանի փոխանցմամբ, այստեղ հնարավորություն է լինելու բացել ցորենի և պահածոների կոոպերատիվներ, որն էլ ոչ միայն զարգացմանը կնպաստի, այլև կլուծի աշխատատեղերի խնդիրը: