ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մի շարք լրատվամիջոցներում հրապարակված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) վերաբերյալ տեղեկացնում է, որ խնդիրը գտնվում է ՀՀ ԿԳՆ ուշադրության կենտրոնում:

ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին` սեղմ ժամկետում ներկայացնել պարզաբանումներ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ: Միաժամանակ նոր շրջաբերական է ուղարկվել նաեւ ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին, որում մեկ անգամ եւս առաջարկվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում է: Դեռեւս փետրվարի 22-ին նախարար Լեւոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել էր ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում»:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է հանրապետության բոլոր մարզերը եւ Երեւանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցի եւ 30 մանկապարտեզի տնօրենների հետ զրույցների մանրամասներ, թե ինչպես են ցուցակներ հավաքագրում ՀՀԿ-ի համար: