Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար, անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» գործով երկու ձերբակալվածներից մեկը նրա մարտական ընկերն է: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը՝ անուններ չնշելով:

Ավետիս Քալաշյանի խոսքով, դեռ տեղյակ չէ Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու կասկածանքով Վրաստանի իրավապահների կողմից երեկ ձերբակալված անձի մասին. «Չգիտեմ, թե ում մասին է կոնկրետ խոսքը»:

Պաշտպանը նաեւ նշել էր, որ համամիտ չէ դատախազության տարածած այն հաղորդագրության հետ, թե դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում Սամվել Բաբայանը ընդունել է իր առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը եւ տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ. «Մենք հայտարարության հետ համաձայն չենք, խնդիրն այն է, որ առնչություն ասելը դատախազությունն այլ կերպ է ներկայացնում, ես՝ այլ կերպ: Բայց ես այդ հարցին հիմա լիարժեք չեմ կարող պատասխանել, որովհետեւ պատասխանելու համար պետք է քրեական գործից տվյալներ հայտնեմ, որը չեմ անի»:

Նրա խոսքով, Սամվել Բաբայանի եւ կալանավորված երկու այլ անձանց միջեւ դեռ առերեսում չի եղել, քանի որ ոչ մի անձի կողմից Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք չի տրվել:

Բացի այդ, պաշտպանը պնդել էր, որ Սամվել Բաբայանը բավարար հիմքեր չունի իր կալանավորումը քաղաքական որոշում որակելու, ինչպես արդեն հայտարարել են «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջնորդները:

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

235.1 հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 24–ին Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա բերման էր ենթարկվել մարտի 22-ին, որի վերաբերյալ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ձեչրբակալությունը իրականացվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։