Times.am-ի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Արշակ Արշակյանը:
-Պարոն, Արշակյան, ինչո՞ւ որոշեցիք դնել Ձեր թեկնածությունը:
-Ես ընտրապայքարի մեջ եմ մտել մի նպատակով` այս ծանր պահին իմ երկրի, իմ ժողովրդի կողքին լինելու համար: Ով ինչպես ուզում է, կարող է հասկանալ, բայց իրականությունը դա է: Այնպես չէ, թե մինչև հիմա ես ժողովրդիս համար չէի անում, անում էի` ինչ ուժերիս սահմաններում էր, բայց շոշափելի արդյունք ունենալու համար պետք է լինես օրենսդիր մարմնում: Պատկերացնո՞ւմ եք ինչ է կատարվում, մարդիկ կորցրել են հավատը բոլորի ու ամեն ինչի հանդեպ, չեն հավատում, որ այս երկրում հնարավոր է ինչ-որ բան փոխել: Բայց այդպես չի կարելի ապրել: Նախ և առաջ, ժողովրդի անտարբերությունը սեփական երկրի, սեփական ապագայի հարցում, պետք է վերացվի:
Մեր թիմը` «Ծառուկյան» դաշինքը, ուզում է փոխել իշխանությունը, իր վրա վերցնել հետագա զարգացումների պատասխանատվությունը, որպեսզի վերականգնվի ժողովրդի հավատը:
-Ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը խորհրդարան անցնելու դեպքում:
-Խորհրդարանի փափուկ աթոռներն այ սենց չոր աթոռներով փոխելը, որ այնտեղ նստածները ժողովրդի ղադրն իմանան:
-Ըստ Ձեզ, հանրային կյանքի ո՞ր ոլորտներն առաջնահերթ բարեփոխումների կարիք ունեն:
-Հանրային կյանքի ոչ մի ոլորտ նախանձելի վիճակում չէ, բոլորն էլ ունեն առողջացման խնդիր, բայց, առաջին հերթին, պետք է լուծվեն սոցիալական, առողջապահական ու կրթական ոլորտներում առկա խնդիրները: Յուրաքանչյուրի համար մենք ունենք հստակ մշակված ծրագիր, որոնց արդյունավետությունը հասարակությունը կարճ ժամանակահատվածում կզգա:
-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել արտագաղթի ծավալները կրճատելու համար:
- Ժողովրդագրական պատկերը պետք է արտացոլի իրական վիճակը: Վիճակագրական տվյալները կեղծողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այդ տվյալներից կախված է մեր անվտանգությունը:
Նախ, մի քիչ շեղվելով հարցից, մի բան եմ ուզում ասել. մենք պետք է մտածենք` ինչ կարելի է անել, որպեսզի ծնելիության ցուցանիշը բարձրանա: Պետք է հաշվարկել բյուջետային ծախսերն ու հնարավորությունները և ճիշտ ուղղորդել դրանք: Ծնելիությունը խթանելու համար կարելի է, ու ոչ միայն կարելի, այլև` լիովին հնարավոր, առաջին երեխայի դեպքում, օրինակ` 2500 ԱՄՆ դոլար միանվագ գումար հատկացնել, և ամեն հաջորդի դեպքում այդ գումարը մեծացնել: Մենք հաշվարկել ենք, որ բնական աճ ունենալու համար տարեկան 60-67 հազար երեխա պետք է ծնվի:
Հիմա վերադառնանք բուն հարցին: Որպեսզի մարդիկ չարտագաղթեն, առաջին հերթին, պետք է ունենան աշխատատեղ: Արտագաղթը վտանգավոր է, երբ խոսքը հատկապես սահմանամերձ գյուղերի բնակչությանն է վերաբերում: Գյուղացին աշխատում է, արտադրում, բայց չի կարողանում իրացնել, իրացնելու դեպքում էլ` բավականին ցածր գնով: Մոնոպոլիստները գյուղացուց շատ ցածր գնով գնում եմ, հետո կրկնակի գնով վաճառում, իսկ գյուղացին էլ հիասթափվում է, թողնում ու հեռանում երկրից:
Նախկինում, օրինակ, «հայկոպ»-եր կային, որոնք պարտավոր էին գյուղացու արտադրանքը նորմալ, բարձր գնով ընդունել: Իրացման խնդիր գյուղացին չուներ: Հիմա էլ կարելի է նմանատիպ համակարգ ստեղծել, որի դեպքում հողամասը կդառնա գյուղացու աշխատատեղը, իսկ ինքը` գյուղացին, այդտեղի աշխատողը: Այդ դեպքում կշահի թե´ գյուղացին, թե´ պետությունը, և ինչքան էլ փորձես նրան պոկել իր հողից, չի ստացվի:
Նպաստավոր պայմաններ ստեղծելու դեպքում նվազագույնը 100-150 հազար մարդ հետ կգա՞: Կգա, իհարկե, ու տեր կկանգնի իր օջախին, իր ընտանիքին ու իր հողին:
-Մարզերի զարգացման համար ի՞նչ ծրագրեր են հնարավոր:
-Նախ պետք է մարզպետեր նշանակվեն մարզը սիրող մարդիկ, ովքեր քաջատեղյակ են տվյալ մարզի զարգացման հնարավորություններին, պոտենցիալին: Այս պոտենցիալը կարող է լինել հողը, ընդերքը, տուրիզմը և այլն:

-Դուք մասնակցել եք և´ Արցախյան շարժմանը, և´ Քառօրյա պատերազմին: Ինչպե՞ս եք վերաբերում հող հանձնելու մասին խոսակցություններին:
-Ես մարդկանց հետևից խոսելու սովորություն չունեմ: Ով խոսում է հողերը տալու մասին, ուրեմն շատ թույլ մարդ է: Նա, ով մոտս կխոսի այդ թեմայով, պատասխանն ուղիղ ճակատին կասեմ: Մի բան պետք է հիշել. դրանք ոչ թե հողեր են, այլ` Հայոց երկրի անվտանգության երաշխիքը:
Ես պատրաստ եմ ամեն ինչ տալ մեր ազատագրված տարածքների համար: Անգամ մի թիզ հող զիջելու իրավունք չունենք, քանի որ ամեն մի թիզի համար թափվել է մեր եղբայրների, հայրերի ու զավակների արյունը: Նորից եմ կրկնում. Միշտ պետք է հիշել, որ այդ հողերը մեր անվտանգությունն են ապահովում:
-Ձեր ուղերձը` ՀՀ քաղաքացիներին:
-Եկեք գոնե մեկ անգամ հույսներս դնենք ինքներս մեզ վրա, ուժ ունենանք մեր միջից հանելու վախը և գնանք ընտրության: Մարդ պետք է օգտագործի իր ընտրության հնարավորությունը: Թեկուզ սխալ, բայց ընտրեք, մտածեք, ինքներդ որոշեք ու հասկացեք` ինչ եք ուզում:
Հավատացեք, անտարբերությունից նախընտրելի է սխալ ընտրությունը: Չեմ ասում` ընտրեք ինձ, ում ուզում եք, հավատում ու վստահում եք, նրան ընտրեք, բայց անտարբեր մի եղեք, երբ խոսքը մեր բոլորիս ապագային է վերաբերում:
Լավ, ընդունենք բոլորս վատն ենք, եկեք մեր միջից ընտրեք համեմատաբար լավին, վաղը հեշտ կլինի նրան փոխելը: Եղեք վճռական, որպեսզի վաղն էլ կարողանաք վերահսկել իշխանություններին: Տեր կանգնեք ձեր քվեին, որպեսզի նվազագույնի հասցվի կեղծարարությունների հնարավորությունը:
Զրուցեց Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆԸ