Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ձայների առյուծի բաժինը կստանան ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը, ԱԺ-ում հայտնվելու հնարավորություն կունենան նաև «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը՝ ներկայացնելով իրենց ասոցիացիայի և Baltic Surveys/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների անցկացված սոցհարցման արդյունքները:

Նրա խոսքով՝ խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունի նաև ՀՎԿ դաշինքը: «Ընտրություններից մի քանի օր առաջ ընտրողների առավել մեծ աջակցությունն են վայելում երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն, որին պատրաստ է ձայն տալ ընտրողների 30,2 տոկոսը, և «Ծառուկյան» դաշինքը` 29,1 տոկոս», - նշել է BS/The Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեն՝ հավելելով, որ «Ելք» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 9 տոկոսը, ՀՅԴ-ի օգտին՝ 7 տոկոսը, «Հայկական վերածնունդ» կուսակցության եւ «Ազատ դեմոկրատների» օգտին 3 տոկոսը: Հարցվածների 13 տոկոսը դեռ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու:

Գեւորգ Պողոսյանը նշել է, որ սա կատարյալ կանխատեսում չէ, քանի որ մարդիկ դեռ կարող են փոխել իրենց տեսակետը, սակայն սրանք այն մարդիկ են, որոնք ասել են, որ մասնակցելու են ընտրություններին:

Նրա խոսքով, այստեղ կա նաեւ տարածքային թեկնածուների խնդիրը. ի վերջո, մարդիկ կուսակցությանն են ընտրելու, թե կոնկրետ թեկնածուին: Դրա համար մարդկանց նաեւ հարցրել են, թե կոնկրետ որ անձի օգտին են ցանկանում քվեարկել եւ համադրել, թե այդ թեկնածուն որ կուսակցությունից է. «Ռեյտինգային հարցման տոկոսները գումարվելու են կուսակցության տոկոսներին, բայց հաստատապես չենք կարող ասել, թե որքանով կավելանան տվյալ կուսակցության վարկանիշը, ելնելով նրանից, որ տեղերում քվեարկելու են իրենց տարբեր թեկնածուների համար: Միայն կարող ենք ասել, որ ներկայացված տոկոսները ավելանալու են ռեյտինգային քվեարկության ազդեցությամբ»:

Սոցհարցումները ցույց են տվել, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների օգտին քվեարկելու է հարցվածների 31,7 %-ը, իսկ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների օգտին՝ 21,8 %-ը:

Պողոսյանը նշեց, որ «Ելք»-ի համակիրների մեջ երիտասարդները շատ են, կոմունիստների համակիրների մոտ տարիքովներն են շատ:

Նշվեց, որ հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1005 քաղաքացի, Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, մարտի 18-27 ժամանակահատվածում։

Հարցվածների 50 տոկոսն ասել է, որ հաստատ մասնակցելու է ընտրություններին, 35 տոկոսը՝ հավանաբար, այո: Սակայն, հիմնվելով նախկին փորձերի վրա, ենթադրվում է, որ մասնակցությունը կկազմի միջինը 55-60 տոկոս: