Պետք է արդյո՞ք կինը զբաղվի քաղաքականությամբ: Երբ ծագեց քաղաքական կյանքում կնոջ ներգրավվածության հարցը: Տարեթիվը հստակ է: 1791 թ.՝ Ֆրանսիական հեղափոխության թեժ օրերին, անհայտ գրող Օլիմպիա դե Գուժը մարգարեական խոսքեր հղեց կանանց. «Եթե կինը իրավունք ունի կանգնել կախաղանի առաջ, ուրեմն կկարողանա բարձրանալ ամբիոն»:

Այդ անզգույշ արտահայտության համար նա պատասխան տվեց իր կյանքով, սակայն այդ խոսքն էլ դարձրեց նրան անմահ: Այսօր հնարավոր չէ քաղաքական կյանքը պատկերացնել առանց կնոջ: Մեր զրուցակիցն է ԱԺ ընտրություններում «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված, երիտասարդ պատգամավորի թեկնածու, գեղեցկադեմ Հռիփսիմե Բոչոլյանը, ում հետ խոսեցինք կին-քաղաքականություն երևույթի, ինչպես նաև՝ սպասվող ընտրությունների մասին: