Հայաստանում սկսվել է «լռության օրը»։ Այս պահից սկսած ու մինչեւ քվեարկության ավարտը՝ ապրիլի 2-ի ժամը 20։00-ն, երկրում արգելված է ցանկացած քարոզչություն այն քաղաքական ուժերի կողմից, որոնք մասնակցում են խորհրդարանական ընտրություններին։

Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2-ին։ Այդ օրը երեւանյան ժամանակով 08։00-ից մինչեւ 20։00 հանրապետության տարածքում գործելու են 2009 ընտրատեղամասեր, հանրապետության սահմաններից դուրս քվեարկություն նախատեսված չէ։ Ընտրություններն առաջին անգամ են անցկացվում համամասնական համակարգով ( կուսակցական ցուցակներով)։ Սակայն նաեւ առաջին անգամ է կիրառվելու այսպես կոչված բաց ցուցակներով քվեարկություն։ Ընտրողն ունի ընտրություն՝ կամ կարող է քվեարկել միայն քաղաքական կուսակցության (դաշինքի) օգտին, կամ էլ դրանից բացի ձայնը տալ տվյալ քաղաքական ուժի կողմից ընտրատարածքով առաջադրված թեկնածուներից մեկին։ Առաջին դեպքում պետք է նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը առանց որեւէ նշումների դնել ծրարի մեջ։ Երկրորդ դեպքում նախընտրելի քաղաքական ուժի քվեաթերթիկի հակառակ կողմում ՝ այդ ուժի կողմից ընտրատարածքով առաջադրված թեկնածուներից մեկի ազգանվան դիմաց պետք է դնել V նշումը ։