Հայաստանում պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ, որ մարդիկ չարտագաղթեն. ՄԱՊ ընկերության հիմնադիր Ալեքսան Պետրոսյան

YerevanNews.am լրատվականն այս անգամ զրուցել է ՄԱՊ ընկերության հիմնադիր, ԱԺ պատգամավորի թեկնածու Ալեքսան Պետրոսյանի հետ։

-Ի՞նչ դեր ունի դաստիարակությունը մարդու կյանքում։

-Մարդն առաջին հերթին դաստիարակությունը ստանում է իր ընտանիքում, իսկ դրանից հետո ուսումնական հաստատություններ, աշխատանք և ընդմիշտ։ Դաստիարակությունը առաջին հերթին, դա բարոյականություն է։ Մարդն ընդմիշտ սովորելու, դաստիարակվելու, լավը վերցնելու հնարավորություն ունի, եթե իհարկե ուզում է։

-Ի՞նչ բանաձև ունի երջանկությունը։

-Երջանկությունն, այն է, երբ մարդն ունի լավ ընտանիք, ծնողներ, երեխաներ, թոռներ և ընկերներ։ Այդ բոլորը ես ունեմ։ Ինձ շատ երջանիկ մարդ եմ համարում։

-Կա՞ ստեղծագործություն, որը փոխեց Ձեր մտածելակերպը։

-Ամեն գրքից սովորելու բան կա։ Իմ մեջ խոր դաստիարակչական մտածելակերպ են ներարկել Պարույր Սևակի ստեղծագործությունները։ Սևակը կարողանում է մարդու մեջ ուժեղացնել մարդ կերպարը։

-Որո՞նք են հզոր հայրենիքի բանալիները։

-Հզոր հայրենիք ունենալու համար պետք է գործել։ Մարդը իր կյանքի վերջում պետք է մտածի մի բան, թե ինքն ինչ արեց իր երկրի համար։ Եթե մարդը լավ հաց է թխում, ապա նա էլ է ուզում հզոր հայրենիք ունենալ։ Երբ մարդն ունի առողջ ու երջանիկ ընտանիք, շատ գրագետ և զարգացած հասարակություն, ուժեղ արդյունաբերություն և գյուղատնտեսություն, ապա հզոր հայրենիք ունենալն առավել իրական է։

-Զինվոր թե՞ գեներալ...

-Եթե ուզում ես գեներալ ամուսին ունենալ, ապա պետք է զինվորի հետ ամուսնանաս։

-Կա՞ քայլ, որին միշտ պատրաստ եք։

-Եթե մարդն ապրում է, ապա պետք է ամեն ինչի պատրաստ լինի, այլ ոչ թե ինչ-որ քայլի։ Երբ աչքերդ բացում ես, ապա պետք է մտածես, որ այդ օրն էլ ես ապրելու, որովհետև կարող էիր չբացել աչքերդ։ Պետք է պատրաստ լինել ամեն ինչի։

-Ի՞նչ է խլում ժամանակը։

-Ժամանակը ոչինչ չի խլում։ Ժամանակը տալիս է։

-Դավաճանությունը չափանիշ ունի՞։

- Դավաճանությունը միակ երևույթն է աշխարհում, որ վաղեմություն չի ճանաչում։ Ամեն ինչի մեջ շատ ու քիչ, ծանր ու թեթև կա, բայց դավաճանությունը ոչ մի չափանիշ չունի։ Հեռու մնանք դավաճանությունից և դավաճան մարդկանցից։

-Հարաբերականության տեսություն...

-Էյնշտեյնը Չառլի Չապլինին նամակ է գրում և նրան ասում է, որ նրա կինոներն այնքան պարզ են, որ բոլորը հասկանում են և ինքը կարծում է, որ Չապլինը շուտով հանրայատ կդառնա։ Հետո ստանում է Չապլինից պատասխան նամակ, որ նրա հարաբերականության տեսությունն էլ այնքան բարդ է, որ բոլորը կարդում, բայց չեն հասկանում։ Ինքը ևս համոզված է, որ Էյնշտեյն էլ շուտով շատ հայտնի կդառնա։ Այ սա է հարաբերականության տեսությունը։

-Որո՞նք են փրկության ուղիները։

-Մարդկանց հավատն ու սերը իրար նկատմամբ։

-Ի՞նչ արժեք ունի զգացմունքը։

-Զգացմունքն ամենամեծ արժեքն ունի այն ժամանակ, երբ այդ պահին ես զգում։ Դրանից հետո այն կորցնում է իր արժեքը։ Մնում է ընդամենը հիշողություն։ Օրինակ՝ ինչպես են կարդում ու մեկնաբանում գիրքը։ Այդ պահին ապրում ենք գրքով, որոշ ժամանակ պատմում ենք այդ գրքի մասին, իսկ հետո ասում ենք, որ կարդացել ենք, բայց չենք հիշում։

-Կինն ու գինին...

-Ինչը կհաղթի հերոսին, եթե չլինի կինն ու գինին, դա ասել է Ֆիրդուսին հազար տարի առաջ։ Կարծում եմ, որ աշխարհն այս խնդրով ծնվել է և այս խնդրով էլ կվերջանա։

-Ինչպե՞ս հասնել երազանքին։

-Եթե ուզում ես հասնել երազանքներիդ, ապա պետք է միշտ իրականության մեջ լինես։

-Հայրենիքի սերը...

-Ես շատ-շատ եմ սիրում իմ երկիրը։ Եթե հազար անգամ էլ ծնվեի, ապա հազար անգամ էլ թող հայրենիքս Հայաստանը լիներ։ Մենք մեր երկրի տերն ենք ու պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկիրը լավագույնը լինի։ Մենք պետք է վերացնենք, այն պատճառները որի համար մեր հայրենակիցները գնում են Հայաստանից։ Հայաստանում պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ, որ մարդիկ չարտագաղթեն։