Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանն արդեն մեկ շաբաթ է հացադուլի մեջ է: Այս մասին տեղեկացանք նրա կնոջից՝ տիկին Լալայից: Նա նշեց, որ հացադուլից 7 օր անց իր ամուսնուն բժշկական օգնություն չի ցուցաբերվել եւ նրա վիճակն ավելի է վատացել: Նրա խոսքով, դիմել է ՄԻՊ, որտեղից ասել են, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկն ասել է, թե Էդուրադ Զեյթունյանն առողջական խնդիրներ չունի եւ նրան այցելության կարիք չկա:

«Ասում են, եթե պետք է՝ ձեր բժշկին տարեք, թող հետազոտի, անհրաժեշտության դեպքում՝ կայցելենք: Ես էլ ասացի՝ դե որ էդպես ա, թող մեռնի, ինչ ասեմ էլ...եթե նման պատասխան են տալիս ինձ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից»,-ասաց նա՝ նշելով, որ իր ամուսինը խնդիրների ունի սրտի, թոքերի եւ ճնշման հետ կապված եւ հացադուլն ավելի է խորացնում նրա առողջական խնդիրները:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը ու Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները: