Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

Երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ցավոք, այս պահին Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է Մոսկվայում, Երեւանում կլինի երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում, հետեւաբար, չի կարողանա մասնակցել քվեարկությանը:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ Ընտրությունների համար ՀՀ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասեր։

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։