Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր՝ ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրություններում քվեարկել է թիվ 4 ընտրական տարածքի 53 ընտրատեղամասում: 

Կարեն Կարապետյանը քվեարկության էր եկել կնոջ հետ:

Քվեարկությունից հետո անդրադառնալով ՀՀԿ-ի հաղթանակի շանսերին՝ Կարեն Կարապետյանն ասաց. «Ժամանակը ցույց կտա: Ուզում եմ՝ ամեն ինչ խաղաղ լինի, համերաշխ եւ հանդուրժող»:

Անդրադառնալով ընտրախախտումների մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանց դեմ պայքարելու են այն բոլոր մեխանիզմներով, որոնք արդեն ներկայացվել են հանրությանը, կարծում է՝ դրանք բավարար կլինեն:

Նախընտրական շրջանում արձանագրված միջադեպերը՝ ընդհուպ դանակահարություն, վարչապետը բացասական է գնահատում, բայց կարծում է, որ բոլոր հարցերին պատասխան կտրվի, առաջընթաց անպայման կլինի:

Նախագահ Սերժ Սարգսյանն այս անգամ ՀՀԿ-ի ակտիվ քարոզչությանը չմասնակցեց. Կարեն Կարապետյանն ասել է՝ կուսակցությունում էին այդպես որոշել:

Նախընտրական շրջանում եւ քվեարկության ժամանակ արձանագրված բոլոր խախտումները, վարչապետի հավաստմամբ, կպատժվեն, բայց չի կարծում, որ դրանք համակարգված խախտումներ էին:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ Ընտրությունների համար ՀՀ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասեր։

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։