Թիվ 8/15 ընտրական տեղամասում ընտրողներից մեկը քվեարկել է «Քաղաքացիական ակտիվ քայլ» («Ք.Ա.Ք.») կուսակցության օգտին: Ձայների հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահը ծրարը բացելուց հետո արձանագրել է, որ քաղաքացին Հայաստանի հանրապետական կուսակցության քվեաթերթիկի վրա ավելացրել է 12 նիշը, դրա դիմաց գրել «Ք.Ա.Ք.» կուսակցության անունը եւ քվեարկել այդ կուսակցության օգտին: Սակայն, հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք քվեաթերթիկը ճանաչել են վավեր` արձանագրելով, որ գրառումը ոչ թե քվեաթերթիկի առաջին, այլ երկրորդ երեսին է արված:

Մեկ այլ ընտրող էլ նույն ընտրական տեղամասում քվեարկել է «Ելք» դաշինքի օգտին երկրորդ երեսին գրել. «Քրիստոս պահապան»: Քաղաքացիներից մի քանիսն էլ պատռել էին քվեաթերթիկները, կամ խաչ քաշել դրանց վրա:

Նշենք, որ 8/15 ընտրական տեղամասում 2006 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1226-ը: Այս պահի դրությամբ առաջին եռյակում են ՀՀԿ-ն, «Ելք»-ը եւ «Ծառուկյան» դաշինքը: