Ամերիկահայ ռոք երաժիշտ, խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ այցելել է 12 ընտրատեղամաս։ Այս մասին ասվում է Թանկյանի հայտարարության մեջ, որը ընթերցվել է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա այցելել է Վանաձորի, Սպիտակի, Գյումրիի, Մարալիկի, Թալինի, Ազատանի, Աշտարակի ու Երեւանի ընտրատեղամասերը։

Թանկյանի խոսքով, ամենալուրջ խախտումը արձանագրվել է Սպիտակ քաղաքի ընտրատեղամասում, որտեղ ԿԸՀ անդամը կանգնել էր քվեախցի մոտ ու անընդհատ զրուցում էր բոլոր ընտրողների հետ։

Թանկյանը շեշտել է, որ ընտրատեղամասերում խառնաշփոթ էր տիրում, ինչը կապակցված է քվեարկության նոր համակարգի հետ։ Որոշ դեպքերում զամբյուղներում հայտնվում էին չօգտագործված քվեաթերթիկներ, իսկ որոշ ընտրատեղամասերում էլ տեսախցիկները չէի ն աշխատում։

Ընդ որում Թանկյանը նշել է ,որ իր համար բարդ էր անանունություն պահպանել, հետեւաբար իր ներկայությունը գուցե օգնում էր կանխել խախտումը մինչեւ դրա արձանագրվելը։

Հիշեցնենք, որ հայկական սփյուռքի մի շարք նշանավոր ներկայացուցիչներ 2016-ի սեպտեմբերին ստեղծել էին «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Այդ նախաձեռնության շրջանակում Հայաստան են ժամանել սփյուռքահայ արտիստներ՝ ընտրությունների ընթացքում մշտադիտարկում իրականացնելու համար։ Նրանցից են Սերժ Թանկյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանն ու շատ այլոք։