Ապրիլի երկուսին կյանքից հեռացել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրի Միքայելյանը: Մարդ, որի կորուստը շատ ծանր է ոչ միայն հարազատների ու ընկերների, այլ նաև բազմաթիվ զոհվածների ընտանիքների համար:

Յուրա Հակոբի Միքայելյան ծնվել է 1952 թվականի ապրիլի 3-ին՝ Երևան քաղաքում, աշխատավորի ընտանիքում:

Սովորել է թիվ 131 Յավրովի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է Սննդի արդյունաբերական տեխնիկում: Ծառայել է խորհրդային բանակում, վերադառնալուց հետո աշխատել է սննդի բնագավառում, զբաղեցնելով բարձր պաշտոններ:

Արցախյան պատերազմի մասնակից է: Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո Յուրա Միքայելյանը նվիրվել է հասարակական գործնեությանը: Նա միշտ փորձել է սատար դառնալ զոհվածների ընտանիքների համար, մշտապես լինել ընկերների կողքին:

2007 թվականին հիմնել է « Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը:

Ապրիլյան պատերազմի օրերին Յուրի Միքայելյանը իր հազարավոր ազատամարտիկներով առաջնագծում էր:

Այսօր՝ ապրիլի 3-ին հրամանատար Յուրի Միքայելյանը կդառնար 65 տարեկան:

Յուրի Միքայելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 3 -ին, Նոր Նորքի 5րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը ՝ 17:00-ին, իսկ հուղարկավորումը ապրիլի 4 -ին, ժամը ՝ 12-ին, Եռաբլուր պանթեոնում: