Նախնական արդյունքներով ստանալով 103,173 ձայն (85,550՝ 2012-ին), որը կազմում է ընդհանուր քվեների 6,58 տոկոսը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ենթադրաբար կստանա 7 պատգամավորական մանդատ (5-ի փոխարեն): Դա 2-ով ավելի է, քան գործող խորհրդարանում:

Հայտնի է, որ ՀՅԴ-ն կոալիցիա կձեւավորի ՀՀԿ-ի հետ՝ ստանալով մի քսնի պորտֆել գործադիրում, իսկ 7 մանդատից 4-ը կլինի ցուցակից, 3-ը՝ ռեյտինգայինով առաջադրվածներից: Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Արծվիկ Մինասյանը, ամենայն հավանականությամբ, կպահպանեն իրենց նախարարական պորտֆելները: Ցուցակից խորհրդարան կգնան Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արմեն Բաբայանը:

Ինչ վերաբերում է ռեյտինգային թեկնածուներին, ապա ՀՅԴ-ն ամենաշատ քվեները ստացել է Շիրակի մարզն ընդգրկող 11-րդ ընտրատարածքում՝ 11,945 ձայն, Արմավիրի մարզն ընդգրկող 6-րդ ընտրատարածքում՝ 11,110 ձայն, և Տավուշի մարզն ընդգրկող 13-րդ ընտրատարածքում՝ 9095 ձայն: Այս ընտրատարածքներում Դաշնակցության համար ամենաշատ ձայներ են հավաքել Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը (11-րդ ընտրատարածք)՝ 3100 ձայն, Էջմիածնի հայտնի Զարզանդի որդի Անդրանիկ Կարապետյանը (6-րդ ընտրատարածք)՝ 2972 ձայն, և Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը (13-րդ ընտրատարածք), ով ստացել է 5274 ձայն՝ դառնալով Դաշնակցության ամենաշատ քվե ստացած վարկանիշային թեկնածուն բոլոր ընտրատարածքներում: Այսպիսով, նոր խորհրդարանում Հայ Յեղափոխական Դաշնակցության նոր խմբակցության հավանական պատգամավորները կլինեն Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արմեն Բաբայանը, Ռոմիկ Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանը և Սուրեն Մանուկյանը:

Ուշագրավ է, որ ՀՅԴ-ական մի շարք պաշտոնյաներ, ովքեր առաջադրվել էին ռեյտինգայինով, շատ քիչ ձայն են ստացել, օրինակ՝ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Արմավիրի մարզում ստացել է ընդամենը 1755 ձայն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը՝ 1881 ձայն, Արաբկիրի թաղապետ, «Լիդեր» մականունով հայտնի Հովհաննես Վարդանյանը՝ 1116 ձայն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Մաթիլյանը՝ 2639 ձայն, Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը Մովսես Մանուկյանը՝ ՝ 1991 ձայն,իսկ ՀՀԿ-ից հեռացած, ՀՅԴ-ով առաջադրված Խաչատուր Վարագյանը, որը վերջերս նշանակվեց Շիրակի փոխմարզպետ, ստացել է 1068 ձայն։

Ի դեպ, մարզերի մեծ մասում ՀՅԴ-ն եղել է երրորդ ուժը, սակայն ռեյտինգային թեկնածուները չեն փայլել ստացած ձայների քանակությամբ: Թերեւս այդ պատճառով ՀՅԴ-ական նախարարները «շուստրիություն» են արել եւ չեն առաջադրվել, այլապես Արծվիկ Մինասյանի պես փաստի առաջ կկանգնեին: Օրինակ՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը թիվ 1 ընտրատարածքում առաջադրել էր որդուն՝ Սերգեյ Լոքյանին, ով բարձր պաշտոններ էր զբաղեցնում ԱԺ-ում, Կառավարությունում, սակայն վերջինս ստացել է 2524 ձայն:

ՀՅԴ-ից առաջադրված հայտնի բժիշկները այդքան էլ վատ ցուցանիշներ չեն արձանագրել, Տարոն Տոնոյանը Արագածոտնում ստացել է 3158 ձայն, Արտավազդ Սահակյանը Տավուշի մարզում՝ 1852 ձայն, Աշոտ Կուրղինյանը Շիրակում՝ 590 ձայն: