Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում ապրիլի 3-ին մահացած նորածնի լեյկոցիտների քանակը եղել է 50 հազար, ինչը ներանգանդային ինֆեկցիայի հետեւանք կարող է լինել: Այս մասին NEWS.am-ին ասաց կենտրոնի տնօրեն, Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

«Կինը ծննդաբերել է ապրիլի 2-ին կեսարյան հատման ճանապարհով, նրա 4-րդ կեսարյան հատումն է եղել: Նա մեզ մոտ տեղափոխվել էր շրջանից, ծանր վիճակով: Երեխան ծնվել է անհաս, հաջորդ օրն արդեն վիճակը ավելի է վատացել. ունեցել է շնչարգելություն, հեւոց, կապտություն, եւ պարզվել է, որ լեյկոցիտների քանակը 50 հազար է, նորման 5 հազար է, սա կարող է ծանր ներարգանդային ինֆեկցիայի հետեւանք լինել»,- ասաց նա:

Ռազմիկ Աբրահամյանի խոսքով, նորածնի մահվան պատճառը պարզ կլինի մի քանի օրից, երբ կստացվի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նորածնի հայրը դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ կենտրոնի բժշկուհու կողմից սխալ բուժում կատարելու հետևանքով ապրիլի 2-ին ծնված իր որդին երկու օր անց մահացել է:

Կատարվում է հետաքննություն: