Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը որոշել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքի ցուցակով: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Ես որոշել էի, եթե «Ազատ դեմոկրատները» չմասնակցի ավագանու ընտրություններին, «Ելք» դաշինքի ցուցակով կառաջադրվեմ: Առաջարկություն արեցի դաշինքին, իրենք էլ ընդունեցին՝ նշելով, որ հարվիրում են ինձ իրենց առաջին տասնյակ»,-ասաց նա:

Անահիտ Բախշյանը նշեց, որ այդպիսի որոշում է կայացրել, որովհետեւ 4 տարվա փորձ ունի կուտակած եւ կարծում է, որ դեռ շատ անելիքներ կան անելու, որոնց իրականացման հարցում կարող է ինքը էական դեր ունենալ:

Ըստ նրա՝ «Ելք» դաշինքը ավելի մեծ թիմով ներկայացված կլինի Երեւանի ավագանիում, դրա վառ ապացույցն են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչեւ ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am