Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնք, ըստ նրա, անցել են ավելի հանդուրժողական մթնոլորտում: «Մեր թիմը ստացել է փոփոխություններ անելու քվեն, այդ պատճառով իմ հորդորը բոլոր իմ թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ՝ և՛ պատասխանատվությունը, և՛ համապատասխան ջանքերը, և՛ բոլոր մեր գործողությունները: Այնպես որ, ուրախացնում եմ ձեզ՝ մեր աշխատանքային ռեժիմը ավելի է ծանրանում»,-ասաց նա:

Կառավարության նիստին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ էր բերել, որով նոր իրավունք էր պահանջում ոստիկանության համար։ Ըստ այդ նախագծի՝ ՀՀ-ում առաջարկվում է ներդնել մի շարք երկրներում ընդունված մոդելը «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածում։ Ըստ ոստիկանապետի՝ անհրաժեշտ է ամրագրել ԴՆԹ նույնականացման հաշվառումներ վարելու ոստիկանության իրավունքը։ Մասնավորապես, նախատեսվում է հաշվառման վերցնել մեղադրյալների, հանցագործության դեպքի վայրից վերցված եւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված ԴՆԹ բնութագրերը։ Այս մոդելը ընդունված է բազմաթիվ երկրներում։

Տարիների ընթացքում, երբ այդ բնութագրերը մեծ ծավալ կկազմեն, ոստիկանոթյունը կկարողանա համեմատական հետազոտման համար վերցված կենսաբանական ծագման նմուշների եւ հաշվառման մեջ գտնվող նմուշների համեմատական հետազոտում անցկացնել վարույթն իրականացնող մարմնին տրամադրել որոնվող անձանց տվյալները։
Հուսանք, որ հանցագործությունների բացահայտումների տոկոսը կբարձրանա։