Ռուսաստանում հինգ անգամ ահաբեկչություններն իրականացվել են ստորգետնյա անցումներում՝ երկուշաբթի ռումբ է պայթել Սանկտ Պետերբուրգի մետրոյում։ Այն մասին, թե ինչու են ահաբեկիչները հաճախ հենց այդ հասարակական տրանսպորտն ընտրում իրենց արյունոտ գործողությունների համար, պատմում է գերմանական Stern պարբերականը։

«1977-ի հունվարին պատմության մեջ առաջին անգամ մոսկովյան մետրոյի ուղեւորները դարձել էին ահաբեկչական հարձակման թիրախ։ Հունվարի 8-ի երեկոյան մարդկանցով լցված վագոնում գործի էր դրվել պայթուցիկ սարք՝ 7 մարդ էր զոհվել, 37-ը վիրավորվել։ Աաբեկչությունը կազմակերպել էին հայ անջատողականները։ 1996-ի հունիսին պայթել էր ռումբը, որը թաքցված էր մետրոյի վագոնի նստատեղի տակ, զոհվել էր 4 մարդ։ Ահաբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվել էին չեչեն անջատողականները։ 2004-ի փետրվարին մետրոյում ինքն իրեն պայթեցրել էր 20-ամյա չեչեն, իր հետ միասին այն աշխարհ տանելով 39 մարդու։ Պայթյունի հետեւանքով վիրավորվել էր 230 ուղեւոր։ Վեց ամիս հետո կայարանի մուտքի մոտ ինքն իրեն պայթեցրել էր մի չեչեն կին՝զոհվել էր 11 մարդ»,- ասվում է հոդվածում։ 2010-ի մարտին էլ պայթյուն էր որոտացել «Լուբյանկա» կայարանում, իսկ հետո «Կուլտուրայի պարկում»։ Դա առաջացրել է խուճապ՝ երկու մահապարտ կին ահաբեկիչներ 40 մարդու մահվան պատճառ էին դարձել։

Ահաբեկիչների նշանակետը միայն մոսկովյան մետրոն չէ․ ահաբեկչություններ են տեղի ունեցել նաեւ Բրյուսելի մետրոյում՝ 2016-ին, Մինսկում՝ 2011-ին, Լոնդոնում՝ 2005-ին, Փարիզում՝ 1995-ին, Տոկիոյում՝ 1995-ին։ Հիմա էլ ահաբեկչություն է իրականացվել նաեւ Սանկտ Պետերբուրգի մետրոյում, ինչի հետեւանքով 14 մարդ է զոհվել»,- ասվում է հոդվածում։

Մետրոն, նշում է հոդվածագիրը, այսպես կոչված «մեղմ նշանակետերից է»՝ ինչպես ահաբեկչական հարձակումների կապակցությամբ ընդունված է անվանել չպաշտպանված կամ սովորական կյանքի պայմաններում դժվար պաշտպանվող օբյեկտները։ «Որպես կանոն, դրանք այն հասարակական վայրերն են, որտեղ մարդկանց մեծ կուտակումներ են լինում, կամ էլ ենթակառուցվածքի կարեւոր օբյեկտները։ Մետրոն տվյալ դեպքում համապատասխանում է այդ երկու չափանիշներին։ Նախ Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի նման խոշոր քաղաքներում մետրոն կարեւորագույն փոխադրամիջոց է։ Մլիոնավոր ուղեւորներ են ամեն օր օգտվում երկու մեգապոլիսների մետրոյից»։ Ընդ որում մետրոպոլիտենը արդեն վաղուց աշխատում է առավելագույն ծանրաբեռնվածությամբ, արձանագրում է հոդվածագիրը, ցերեկային ու երեկոյան ժամերին վագոնները լիքն են, մարդիկ կուտակվում են մետրոյի մուտքի ու ելքի մոտ։

«Պատահական չէ, որ ահաբեկիչներն իրենց համար նշանակետ են ընտրում հենց այս տրանսպորտը։ Մարդկանց կուտակումների շնորհիվ նրանք ապահովում են առավելագույն զոհերի քանակ։ Թունելների նեղ տարածքում պայթյունի ուժն ավելի մեծ խոցող էֆեկտ է ունենում։ Իսկ մեծ ուղեւորահոսքի պատճառով այնտեղ արդյունավետ հսկողություն իրականացնելը գրեթե անհնար է։ 2010-ի ահաբեկչություններից հետո Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղադրվել էին մետաղորսիչներ։ Սակայն ամենամարդաշատ ժամերին ոչ մի ոստիկան չի կարողանա ստուգել բոլոր ուղեւորներին, քանի որ դա ավելի մեծ քաոս կստեղծի մետրոյում»,- շարունակում է հոդվածագիրը ։

«Այս ամենի մասին գիտեն նաեւ ահաբեկիչները՝ մետրոյում իրականացված ահաբեկչությունը երկար ժամանակով կաթվածահար է անում քաղաքի տրանսպորտային ցանցի աշխատանքը»,- ամփոփում է Stern–ը։