Մեզ տեղեկություններ էին հասել, որ հետեւելով կառավարության օպտիմալացման ծրագրին՝ ԿԳՆ-ն Կրթության ազգային ինստիտուտին հրահանգել է հաստիքներ կրճատել։ Պատճառը նաեւ ֆինանսական խնդիրներ ունեն։ Կրճատումները սկսելու են կենսաթոշակային տարիքին մոտեցող կադրերից եւ թիրախում է հայտնվելու ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։ Մեզ հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ իրենք ֆինանսական խնդիրներ չունեն եւ առաջիկայում ոչ մի կրճատում չի սպասվում։

Անահիտ Բախշյանն էլ մեզ հետ զրույցում այլ բան ասաց. «Կարեն Կարապետյանը, երբ եկավ վարչապետ, հանձնարարեց տարբեր ոլորտների օպտիմալացում եւ այդ օպտիմալացումը տարածվում է նաեւ Կրթության ազգային ինստիտուտի վրա։ Որքան գիտեմ մայիսի 2-ին կառավարության նիստում պետք է քննարկվի այդ հարցը»։

Անահիտ Բախշյանի խոսքով՝ իրեն ուղիղ չեն ասել, որ «կրճատվողների» շարքերում ինքն էլ է լինելու, բայց ակնարկել են. «Ակնարկը օրինաչափ եմ ընդունում։ Ես 70 տարեկան կլինեմ մի քանի ամսից, պիտի իմ տեղը զիջեմ երիտասարդի, շատ նորմալ է, հասկանալի է»։