Հայաստանի նոր խորհրդարանն ունենալու է 105 պատգամավոր, ինչը 26-ով պակաս է մինչ այժմ եղած խորհրդարաններից: Նոր Սահմանադրությամբ խորհրդարանը կարող է ունենալ նվազագույնը 101, իսկ առավելագույնը՝ 190 պատգամավոր: Սակայն, պատգամավորների առավելագույն թիվ կարող է լինել, եթե առաջին փուլում չձեւավորվի կայուն մեծամասնություն եւ լինի երկրորդ փուլ:
2017 թվականի ընտրությանը երկրորդ փուլ չեղավ, առաջին փուլով ՀՀԿ-ն ստանձնեց միանձնյա մեծամասնություն եւ պատգամավորների թիվը կազմեց 105: 26 պատգամավորի կրճատումը տարեկան կտրվածքով նաեւ բավականաչափ ծախսի կրճատում է՝ աշխատավարձ, աշխատակազմ, գործուղումներ եւ այլն:
Այդպիսով, տեղի է ունեցել մի խոշոր ծախսի կրճատում: Ի՞նչ է լինելու խնայված փողը, թե՞ ոչ թե փող է խնայվում, այլ պարզապես փող չկա, եւ դրա համար է կրճատվում պատգամավորների թիվը:
Միեւնույն ժամանակ, Սահմանադրության փոփոխությունը կրճատեց եւս մի խոշոր ծախս՝ նախագահի ընտրությունը: Հայաստանում նախագահի ընտրություն այլեւս չի կազմակերպվելու: Իսկ դա եւս ահռելի ծախս էր, ընդ որում ստվերային եւ բյուջետային ծախս:
Այդպիսով, իշխանությունը թեկուզ հնգամյակը մեկ ազատվում է թե ստվերային ծախսից, թե բյուջետային ծախսից: Ի՞նչ կանեն խնայված փողը, թե՞ կրկին՝ ոչ թե փող է խնայվում, այլ պարզապես փող չկա, եւ դրա համար էլ իշխանությունը գնաց այդպիսի քայլի, որպես իհարկե այդ քայլի մոտիվացիոն հիմքերից մեկը, քանի որ այս դեպքում գլխավոր նպատակն իհարկե իշխանության խնդիրն էր, որ փորձում է լուծել Սերժ Սարգսյանն իր համար: