Հնդկական IBC24 հեռուստաալիքի հաղորդավարուհի Սուփրիթ Քաուրը ուղիղ եթերում ընթերցել է ճանապարհային պատահարի մասին շտապ լուր, որի ժամանակ նրա ամուսինն է զոհվել, հայտնում է The Times of India-ն:

Լրահոսում հաղորդում է ստացվել ամենագնացի վթարի մասին, որի հետեւանքով 3 մարդ զոհվել է եւ 2-ը տուժել: Ըստ որում՝ հեռուստաալիքի թղթակիցը, որը եթերին էր միացել հեռախոսով, չի հայտնել տուժողների անունները:

Պարբերականը նշում է, որ հաղորդավարուհին արդեն ուղիղ եթերում կռահել է, որ խոսքն իր ամուսնու մասին է, որը նույն ուղղությամբ էր ուղեւորվել եւ նույն մակնիշի ավտոմեքենայով, բայց իրեն զսպելով տեքստն ընթերցել է մինչեւ վերջ:

Եթերի ավարտից հետո Քաուրը ստուդիայից դուրս է եկել եւ զանգահարել թղթակցին, որը հաստատել է, որ նրա ամուսինը զոհվել է: Միայն դրանից հետո է կինն ինքնատիրապետումը կորցրել:

«Սա սարսափելի ծանր իրավիճակ է ցանկացած մարդու համար: Բայց Սուփրիթը կարողացավ սանձել տագնապը եւ հավաքված մնալ: Նա ցույց է տվել աշխատանքին օրինակելի նվիրվածություն: Մենք նրանով հպարտանում ենք»,- պարբերականին ասել է հեռուստաալիքի աշխատակիցներից մեկը: