008 թվականից քաղաքական ակտիվ պայքարի մեջ ներգրավված եւ ժողովրդական հոծ զանգվածներին փողոցներ հանող, հանրահավաքներ հրավիրող Կոնգրես-ՀԺԿ դաշինքին 2017թ․ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը, եւ նա ներկայացված չի լինելու 2017-2022թթ․ խորհրդարանում։ 

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ, ազատամարտիկ, «Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանից հետաքրքրվեցինք, թե ինչու իրենց չհաջողվեց ստանալ ընտրողների պատկառելի քվե եւ ներկայացված լինել խորհրդարանում։
«Պայքարն ընթացել է փողի եւ գաղափարի միջեւ, հաղթել է փողը»,- արձագանքեց մեր զրուցակիցը։

Հիշեցրինք, որ, օրինակ, «Ելք» դաշինքը չի բաժանել ընտրակաշառք, սակայն կարողացել է հաղթահարել անցողիկ շեմը եւ մուտք գործել խորհրդարան։

«Ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել, այդ հարցն ուղղեք իրենց։ Կոնգրես-ՀԺԿ-ի մասին կարող եմ ասել, որ փողը հաղթել է գաղափարին։ Դրանից բացի՝ գործադրվել են իշխանական լծակները, զանգվածային ճնշումները, կրկնաքվեարկությունները։ Այդ բոլորը կարիք ունեն խորը վերլուծության, կվերլուծվեն եւ կներկայացվեն հանրությանը»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե կանխատեսելի՞ էին արձանագրված արդյունքները, Մյասնիկ Մալխասյանն ասաց․ «Ինձ համար կանխատեսելի էին։ Ժողովուրդն ասում էր՝ փողը վերցնելու ենք, բայց գնալու ենք եւ ձեզ ընտրենք, եթե չլինի տոտալ վերահսկողություն։ Փաստորեն իշխանությունները կարողացան եւ՛ փող տակ, եւ՛ վերահսկել, եւ մարդիկ չկարողացան դեմ գնալ դրան»։

«Իսկ սպասելի՞ էր, թե որ ուժերը մուտք կգործեն խորհրդարան, եւ որոնք դուրս կմնան ԱԺ-ից» հարցին մեր զրուցակիցն արձագանքեց․ «Միակ լավ բանը, որ եղել է, այն է, որ «Հայկական վերածնունդը» դուրս է մնացել»։