ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրում է․ «Ինչպես և կանխատեսվել էր, երեկ երեկոյան ժամերից և անցած գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված Տավուշի նախալեռնային գոտում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Շիրակում և Գեղարքունիքում տեղացել է ձյուն, իսկ մյուս շրջաններում տեղումները հիմնականում եղել են անձրևի տեսքով, օդի ջերմաստիճանը ամենուրեք նվազել է 8-10 աստիճանով:

Այսօր և ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 11-ին կեսօրից հետո հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 13-14-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ:

Վաղվանից սկսած մեր երկիր հարավից կրկին կներթափանցեն տաք օդային զանգվածներ, ինչի արդյունքում ապրիլի 11-12-ին բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, Երևանում արդեն ապրիլի 12-ին սպասվում է մինչև +20….+22 աստիճան տաքություն»: