Երեւանի Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը շատ է զբոսնում Երեւանում, եւ նրան ամենուր ճանաչում են, իսկ նա էլ անուններով ճանաչում է երեւանցիների մեծամասնությանը եւ գիտե, թե ով որ փողոցում է ապրում:
Նաիրա Նահապետյանի այդ հայտարարությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը ֆենոմենալ հիշողության մասին: Կրկեսի հաղորդավարը հայտարարում է, որ արենա կմտնի մի տղա, որն ունի ֆենոմենալ հիշողություն՝ «այժմ նա կմիզի ամբողջ առաջին շարքի վրա», հայտարարում է հաղորդավարը: Առաջին շարքում նստած հանդիսատեսը անմիջապես ցատկում է տեղից, եւ ամեն մեկը փորձում է տեղավորվել ավելի վերեւի շարքերում: «Պարոնայք, իզուր եք ջանում, ես ասացի՝ տղան ունի ֆենոմենալ հիշողություն», հայտարարում է հաղորդավարը:
Երեւանցիների մեծամասնությանը անուններով եւ բնակության փողոցներով ճանաչելու համար Տարոն Մարգարյանը պետք է ունենա ֆենոմենալ, ահռելի հիշողություն, այնպիսի ծավալների, ինչպիսին օրինակ նրա միլիոնների ունեցվածքն է, որի մասին գրում է մամուլը:
Եթե Տարոն Մարգարյանն ունենա այդ ունեցվածքի թեկուզ կեսի չափ նաեւ հիշողություն, ապա Նաիրա Նահապետյանի հայտարարությունը կլինի արժանահավատ: Որովհետեւ Երեւանն ունի մեկ միլիոնից ավելի բնակչություն, եւ երեւանցիների մեծ մասին ճանաչել՝ անուններով եւ փողոցներով, նշանակում է ճանաչել առնվազն կես միլիոնից ավելի մարդու: Դա կատակ բան չէ:
Բայց երեւանցիների մեծ մասի անուններն ու հասցեները իմանալու փոխարեն, Տարոն Մարգարյանն ավելի լավ է իմանար, թե ինչ վիճակում է երեւանցիների մեծ մասը երթեւեկում հանրային տրանսպորտով:
Դրա համար, Երեւանի տարբեր վայրերում հաճախ զբոսնելու փոխարեն, Տարոն Մարգարյանը գուցե լավ կաներ հաճախ օգտվեր Երեւանի քաղաքային տրանսպորտից: Եթե նա իր քաղաքապետության 6 տարիների ընթացքում գոնե վեց անգամ օգտված լիներ քաղաքային տրանսպորտից, ապա այդ վեց տարիների ընթացքում տրանսպորտի համակարգը առաջընթաց կարձանագրեր թեկուզ 6 քայլով:
6 տարվա ընթացքում Տարոն Մարգարյանն անկարող է եղել լուծել Երեւանի թերեւս ամենակարեւոր խնդիրներից մեկը, որի հետ քաղաքացիների մեծամասնությունն առնչվում է ամեն օր, օրը մի քանի անգամ, որը ոչ միայն հարմարավետության, այլ նաեւ արժանապատվության հարց է: Ընդ որում, Մարգարյանն ունեցել է հենց այդ հարցը լուծելու ամենամեծ հնարավորությունը, քանի որ թանկացման դեմ հանրային շարժումը ստեղծել էր այդ հարցը համատեղ, միահամուռ ջանքով լուծելու ահռելի սոցիալական բազա:
Մարգարյանին բավական կլիներ ոչ թե 6, այլ կես քայլ անել իրապես լուծման ուղղությամբ, երբ մնացած առնվազն 5 ու կես քայլը նրա փոխարեն կաներ քաղաքացիական ակտիվ հանրությունը:
Բայց Տարոն Մարգարյանը գնաց այդ հանրության դեմ, ոչ թե ընդառաջ:
Տարոն Մարգարյանն իր ֆենոմենալ հիշողությամբ անկասկած կարող է լինել Գինեսի ռեկորդների գրքի, բայց ոչ Երեւանի քաղաքապետի թեկնածու:

Նյութի աղբյուրը` Lragir.am