«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Նա նշեց, որ Արամ Հակոբյանի մոտ ավելի են խորացել հիշողության հետ կապված խնդիրները, նա սկսել է դժվար խոսել:

«Խորացել է արդեն իսկ վատացած խոսակցական ֆունկցիան, դժվար է արտաբերում բառերը: Դժվարությամբ է գտնում որոշակի բառեր, որպեսզի նախադասություն կազմի»,- ասաց Դավիթ Գյուրջյանը:

Նա նշեց, որ պաշտպանական կողմը դիմում է ներկայացրել ՔԿՀ եւ Արդարադատության նախարարություն՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Արամ Հակոբյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար: Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպանական կողմը նաեւ դիմում է ներկայացրել ՄԻԵԴ՝ անհապաղ հարցը քննարկելու խնդրանքով:

Ավելի վաղ Դավիթ Գյուրջյանը հայտարարել էր, որ Արամ Հակոբյանը դեռեւս 2012թ.-ին ենթարկվել է միզապարկի, ապա 2014թ.` ուղեղի քաղցկեղի հեռացման վիրահատությունների, պաշտպանի խոսքով՝ նրա մոտ նկատվում է ուղեղի կաթվածի (ինսուլտի) նախանշաններ:

Նշենք, որ Արամ Հակոբյանի մասով նախաքննություն ավարտվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):