«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախորդ տարի երկու նոր մեքենա է գնել, որոնցից Mercedes-Benz G-ն արժեցել է 88 միլիոն դրամ, իսկ Bentley Bentayga-ն՝ 186 հազար եվրո: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից՝ Գագիկ Ծառուկյանի ներկայացրած 2016 թվականի հայտարարագրից:

Գագիկ Ծառուկյանը, բացի մեքենաներից, նախորդ տարի 118 հազար եվրոյով կահույք է գնել, իսկ 251 հազար եվրոյով՝ վարագույր: ԲՀԿ նախագահը նախորդ տարվա սկզբին ունեցել է 157 միլիոն դրամ, 8.3 միլիոն դոլար, 3.8 միլիոն եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 177 միլիոն դրամ, 4.5 միլիոն դոլար եւ 4 միլիոն եվրո:

Ազգային ժողովի պատգամավորը 2016 թվականին ստացել է 2.5 միլիարդ դրամ եկամուտ, որից աշխատավարձը կազմել է ընդամենը 4.4 միլիոն դրամ: Մնացած եկամուտները գոյացել են շահաբաժիններից, վարձակալության դիմաց ստացած վճարներից եւ այլ աղբյուրներից:

Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2016 թվականին 30 հազար ԱՄՆ դոլարով ականջօղ է գնել, 5 հազար դրամի չափով էլ՝ բաժնեմաս: Նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել է 20 միլիոն դրամ, 31 հազար դոլար, 27 հազար եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 17 միլիոն դրամ, 28 հազար դոլար, 26 հազար եվրո: Ջավահիր Ծառուկյանի եկամուտը կազմել է 18 միլիոն դրամ (վարձակալության դիմաց ստացված վճարը), 121 հազար եվրո (այլ եկամուտ) եւ 300 հազար ԱՄՆ դոլար (շահաբաժնից)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում