Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Արամի եւ Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող «Վերնիսաժ»-ում փորձում է ընդլայնել փոքրիկ բիզնեսը: Armtimes.com-ի տեղեկություններով՝ «Վերնիսաժ»-ի հենց մեջտեղում գտնվող սննդի եւ սպասարկման կետը պատկանում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ներկայումս փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին: Վերջինս թեեւ մեր հետ զրույցում հերքեց, որ արագ սննդի սպասարկման կետն իրեն է պատկանում, սակայն մեր տեղեկություններով՝ նա մտադիր է ընդլայնել բիզնեսը հարակից սեղանների հաշվին:

«Ես «Վերնիսաժում» ոչինչ չունեմ: Ինձ չի պատկանում: Կառուցապատմամբ դրվել է մրցույթի, մրցույթը շահող կա, շահողն էլ աշխատում է»,- ասաց Դավիթ Օհանյանը՝ նշելով, որ մնացած հարցերը պետք է ուղղել Երեւանի քաղաքապետարանի լրատվական բաժին:

Վերնիսաժում առեւտուր իրականացնողներին երբ հարցրեցինք, թե որն է փոխքաղաքապետի «բիստրոն»՝ նրանք միանգամից մատնացույց արեցին վաճառքի սեղանների այն շարքը, որը տանում էր դեպի Դավիթ Օհանյանին պատկանող սննդի կետը:

Հիշեցնենք, որ «Վերնիսաժի» կառուցապատումից առաջ այդ տարածքում գործում էր մի քանի սննդի կետ, սակայն վերակառուցումից հետո միակ կետը պատկանում է քաղաքային իշխանության ներկայացուցչին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում