Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին կողմ է քվեարկել 51,2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը: Թուրքիան այսպիսով անցնում է նախագահական կառավարման, նախագահը ստանում է լայն լիազորություններ:
Հանրաքվեին հիմնականում դեմ են քվեարկել խոշոր քաղաքներում, արդյունաբերական կենտրոններում, որտեղ կենտրոնացած է ավելի ուսյալ բնակչությունը: Հիմնականում դեմ են քվեարկել քրդերն ու այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնություններ:
Մինչ այժմ Թուրքիայում կառավարման յուրօրինակ համակարգ էր, հստակ հակակշիռներով ու իրական իշխանության բեւեռներով: Էրդողանը, իշխանության գալով, աստիճանաբար սկսեց ապամոնտաժել այս համակարգը, որը, նրա կարծիքով, երկիրն արտաքին կախվածության մեջ էր պահում, մասնավորապես ԱՄՆ-ից:
Նախ նա հաշվեհարդար տեսավ զինվորական բարձրագույն շրջանակների հետ, Էրգենեկոն կոչվող գործով: ԶՈՒ գլխավոր շտաբը սահմանադրությամբ ուներ լայն լիազորություններ, ընդհուպ պետության ներքին գործերին միջամտությունը, եթե սպառնալիք լինի սահմանադրական կարգին:
Զինվորականությունը 20-րդ դարում մի քանի անգամ պետական հեղաշրջում է իրականացրել, ընդ որում՝ Էրդողանի քաղաքական ուժի «նախահայրերի» իշխանության շրջանում:
Լուծելով զինվորականության հարցերը, Էրդողանը սկսեց «մաքրել» իրավական համակարգը՝ Դատախազությունը, դատական համակարգը, որոնք նույնպես լայն լիազորություններով իշխանության անկախ բեւեռներ էին:
Դրանից հետո արդեն Էրդողանը ձեռնամուխ եղավ Սահմանադրությամբ կառավարման կարգը փոխելուն: Նա ներկայում Թուրքիայի նախագահն է, եւ չնայած առաջին դեմքը համարվում է վարչապետը, սակայն դե ֆակտո իշխանությունն իրացնում էր հենց ինքը: Ներկայում սահմանադրության փոփոխությամբ նախագահը դառնում է առաջին դեմք:
Էրդողանն իշխանության գալուց ի վեր ձգտում էր անկախության, եւ դա նրան բավական հաջողվել է: Միեւնույն ժամանակ, այդ ձգտմանը զուգահեռ, Թուրքիան հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, փչացնելով հարաբերությունները նախեւառաջ Արեւմուտքի հետ: Թեեւ հռչակված «զրո խնդիրներ հարեւանների հետ» սկզբունքին, Թուրքիան բոլոր ուղղություններով ստացել է նոր խնդիրներ ու լարվածության օջախներ:
Երկրի ներսում նույնպես լարված ու գրեթե «հեղափոխական» իրավիճակ է: Հանրաքվեին նախորդող ժամանակաշրջանում Թուրքիայում չէին դադարում ահաբեկությունները, եղավ հեղաշրջման փորձ: Իսկ հանրաքվեի արդյունքը ցույց տվեց, որ երկիրը «կիսվել» է: Այդ երկրում բնակվող էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները սահմանադրության ու կառավարման կարգի մեջ սպառնալիքներ են զգում իրենց ապագայի ու ընդհուպ գոյության համար:
Թուրքիայի ապրիլի 16-ի հանրաքվեն շրջադարձային իրադարձություն է այդ երկրի պատմության մեջ: Ի՞նչ հետեւանքներ կունենա այն այդ երկրի ու աշխարհի համար, եւ ի՞նչ հարեւան ստացավ Հայաստանը:
Թուրքիայում հաստատվում է «սուլթանական» կառավարում, որը երկրի ներսում այլեւս չունի հակակշիռներ ու զսպող մեխանիզմներ: Աթաթուրքի հիմնած հանրապետությունը մեռավ: