Հայկական Ժամանակ թերթը գրում է, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շուրջ բանակցությունը ձգվում է, որովհետեւ վարչապետ Կարեն Կարապետյանը դեմ է այդ կոալիցիային: Բայց քանի որ նա չի կարող խանգարել, փորձում է գոնե հասնել նրան, որ նշանակվեն իր համար ընդունելի դաշնակցական նախարարներ:
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան իսկապես մարտահրավեր է Կարեն Կարապետյանին: Միայն այն, որ ՀՅԴ-ն գործնականում առաջին ու դեռեւս միակ ուժն է, որ հայտարարել է Սերժ Սարգսյանի հետնախագահական վարչապետության հետ խնդիր չունենալու մասին, արդեն իսկ բավական է պատկերացնելու համար, թե որն է Կարեն Կարապետյանի խնդիրը:
Առավել եւս, որ եթե խորհրդարանում անհրաժեշտ լինի ստեղծել այսպես ասած «ազգային համաձայնության» մթնոլորտ, ապա հազիվ թե Ծառուկյան դաշինքը Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիլեմայից ընտրի երկրորդին:
«Ազգային համաձայնության կառավարության» մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց դեռեւս օգոստոսին, ՊՊԾ գնդի գրավման ողբերգական զարգացումների հանգուցալուծումից անմիջապես հետո, երբ նախագահի նստավայրում հավաքել էր իշխանությանը, ամբողջ «վերնախավը»: Սակայն, խոսելով «ազգային համաձայնության» կառավարության ձեւավորման մասին, դրանից հետո Սերժ Սարգսյանը որեւէ անգամ չի հիշատակել այդ երեւույթը՝ «ազգային համաձայնության կառավարությունը»:
Հոկտեմբերին փոխելով կառավարությունը, նա չի ասել, թե կազմել է «ազգային համաձայնության կառավարություն»: Այժմ էլ, խորհրդարանի ընտրության քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը չի ասում, թե պետք է ձեւավորվի «ազգային համաձայնության կառավարություն»: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան հազիվ թե հնարավոր լինի «անցկացնել» ազգային համաձայնության տեղ:
Իսկ խորհրդարանի ընտրության քվեարկությանը ՀՀԿ ստացած ձայների թիվը եւ մանդատներն ընդհանրապես տալիս են միանձնյա կառավարության հնարավորություն:
Ուրեմն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը մոռացա՞վ օգոստոսի հայտարարությունը, թե՞ արել էր այսպես ասած տաք գլխով, ՊՊԾ գնդի ողբերգական ու լարված իրադրության համեմատաբար անարյուն հանգուցալուծումից ոգեւորված: Հետո ոգեւորությունն անցավ, անցավ նաեւ «ազգային համաձայնության կառավարության» անհրաժեշտությունը:
Թե՞ Սերժ Սարգսյանն «ազգային համաձայնության կառավարության» գաղափարը պահել է իր համար, ազդարարել է 2016-ի օգոստոսին, եւ դրանից հետո խնամքով պահում է, չի օգտագործում, 2017-ի ապրիլին «հագնելու» համար՝ կամ վարչապետի պաշտոնին առաջադրվելու, կամ այդ պաշտոնի համար արդեն լիովին իր նախընտրելի ու կառավարելի թեկնածուին առաջադրելու համար:

Նյութի աղբյուր՝ Lragir.am