Թուրքիայի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն գործնականում «կիսել» է այդ պետությունը երկու մասի՝ նախագահի ուժեղ կառավարման մոդելի անցման կողմնակիցներ եւ դրան դեմ հանդես եկողներ: Պաշտոնական տվյալով հանրաքվեն անցել է 51-ից քիչ ավելի կողմ ձայնով, դեմ է եղել 49 տոկոսը: Թե ինչպիսին է պատկերը ոչ պաշտոնական առումով, դժվար է ասել, քանի որ հանրաքվեն անցել է արտակարգ դրության պայմաններում:
Կա վերլուծություն, որ Էրդողանի «միապետությանը» ոչ է ասել քաղաքաբնակ հանրությունը, ըստ տեղեկության նա պարտվել է մի քանի խոշոր քաղաքներում, այդ թվում Ստամբուլում: Այդուհանդերձ, Էրդողանը հայտարարել է հաղթանակի մասին:
Բայց հաղթանա՞կ է արդյոք դա, կամ արդյոք Էրդողանի հաղթանակը կլինի Թուրքիայի պարտությունը, երբ այդ պետությունը կարող է կիսվել ոչ միայն այո կամ ոչ գծով, այլ պարզապես նաեւ մասնատման շարժումներով:
Թուրքիայի մասնատման հնարավոր տարբերակների մասին խոսակցություններ կան վաղուց, դրա վերաբերյալ լինում են վերլուծական, փորձագիտական դիտարկումներ միջազգային մամուլում եւ հայկական համացանցում: Դրան հիմք է ծառայում այն, որ Թուրքիան արդեն մի քանի տարի գտնվում է ներքաղաքական որոշակի անկայունության, նաեւ Արեւմուտքի հետ լարված հարաբերության փուլում, այդ ամենն էլ մերձավորարեւելյան՝ սիրիական հակամարտության ֆոնին:
Հանրաքվեի արդյունքը այդ ամենի եւս մի առիթ է, թեեւ դժվար է ասել, թե ընդհանրապես աշխարհքաղաքական իրողությունների եւ ներթուրքական վիճակի, թուրքական հասարակության մտածողության, դրա շերտավորման, դրանցում պետականության հանդեպ մոտեցման առումով ինչպիսին է իրավիճակը եւ որքանով են համարժեք Թուրքիայի մասնատման մասին դատողությունները:
Միեւնույն ժամանակ, հստակ է քրդական գործոնի առկայությունը, որն անկասկած մշտական է դարձնում առնվազն այդ մասով անջատական տրամադրությունների առկայությունը:
Կա՞ն այստեղ Հայաստանի համար շահեկան հեռանկարներ, դրանք Թուրքիայի մասնատմա՞ն, թե՞ կայունացման մեջ են: Առերեւույթ թվում է, որ Թուրքիայի մասնատումը բխում է Հայաստանի շահից, առավել եւս, որ կա հայկական հարցը եւ այն կարող է դառնալ թե մասնատման գործիքներից մեկը, թե նաեւ Հայաստանն ու հայությանը դարձնել այդ մասնատումից «փայատեր»:
Մյուս կողմից, համադրելով Հայաստանի ներկայիս իրավիճակը, այդօրինակ դիտարկումները թվում են ոչ միայն ինքնախաբեություն, այլ նույնիսկ վտանգավոր մոլորություն: Որովհետեւ առկա է խնդրի մյուս կողմը՝ եթե ներկայում քրդական գործոնն օրինակ Թուրքիայի իշխանության դեմ իր մոտեցումով դիտվում է Հայաստանի կամ հայության ուղղակի թե անուղղակի դաշնակից կամ շահընկեր, ապա Թուրքիայի մասնատման դեպքում այդ գործոնը փաստացի կարող է դառնալ հայության եւ Հայաստանի մրցակից, հավակնելով փաստացի նույն բաժնեմասին, եթե անգամ տեսականում դիտարկենք մասնատման տարբերակը:
Կստացվի, որ Հայաստանն ի դեմս մի քանի տասնյակ միլիոնանոց քրդական գործոնի ստանում է լուրջ մրցակից եւ հայ-թուրքական այսպես ասած հակադրությունը սահուն կերպով կարող է վերածվել հայ-քրդական հակադրության: Այդժամ կարող է նաեւ հիշվել քրդերի դերը հայերի ցեղասպանության հարցում, այլ պատմական դրվագներ, եւ Հայաստանն իր արեւմտյան սահմանին կունենա նոր եւ ավելի թարմ, ու գուցե նույնիսկ ավելի ագրեսիվ հակադրություն:
Դրանից խուսափելու տարբերակը կլինի այն, որ հայությունը այսպես ասած «սրտի հովացում» համարի այն, որ թուրքական տիրապետության փոխարեն, իր պատմական հայրենիքը կանցնի քրդական իշխանության ներքո:
Խոշոր հաշվով, առնվազն լրջագույն ուսումնասիրության առարկա է հարցը, թե Թուրքիայի ճակատագրի ո՞ր սցենարն է Հայաստանի համար ռազմավարական հեռանկարի առումով առավել շահեկան եւ պահանջված: Մեծ հաշվով, Հայաստանն այստեղ թերեւս ոչ թե լավի եւ վատի, այլ չարյաց փոքրագույնի իրողության առաջ է, համենայն դեպս տեսանելի ապագայում:
Այդ ամենով հանդերձ, առանցքային գործոն է այն, որ հայ-թուրքական սահմանը դե ֆակտո նաեւ ռուս-թուրքական սահման է: Ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ կանգնած է ռուսական սահմանապահ զորքը՝ 1992 թվականի համաձայնագրով, առ այսօր, եւ կարծես թե պատրաստվում է կանգնել դեռ երկար: Դա ռուս-թուրքական սահման է ԵՏՄ եւ ՀԱՊԿ Հայաստանի անդամակցության դե յուրե եւ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի դե ֆակտո ուժով:
Այդ համատեքստում արդեն Թուրքիայի ճակատագրի, քրդական գործոնի հետ կապված սցենարները երեւակվում են արդեն բոլորովին այլ լույսի ներքո, եւ ամենայն հավանականությամբ այդ լույսը Հայաստանի եւ Ռուսաստանի համար բոլորովին տարբեր է:
Այդ ֆոնին, ուշագրավ է, որ մեկ տարի եւ ավելի ձգձգվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը ի վերջո հանգուցալուծվեց օրերս՝ Թուրքիայում հանրաքվեից մի քանի օր առաջ:
Հայաստանում այդ հարցն առավելապես դիտարկվում է Ադրբեջանի ուղղության վրա, մինչդեռ ՀԱՊԿ-ը չունի այդ ուղղությամբ ազդակների կամ հաղորդագրությունների անհրաժեշտություն, քանի որ այնտեղ գործնականում բոլոր առաջատարները ուղիղ սերտ հարաբերության մեջ են Բաքվի հետ՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան: ՀԱՊԿ հաղորդագրությունների կալիբրն առավել լայն է, եւ այդ իմաստով թուրքական հանրաքվեից մի քանի օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման ձգձգված հարցի լուծումը առավել ուշագրավ ազդակ է թուրքական ուղղությամբ:
Պաշտոնական Երեւանն անգամ արձանագրել է, որ հարցը ձգձգվում էր ՀԱՊԿ-ում կոնսենսուսի բացակայության պատճառով: Մեկ Լուկաշենկոն էր «բացակայում», մեկ Նազարբաեւը: Փաստորեն ապրիլին բացականեր չկային, ինչը նշանակում է, որ կա որոշակի նոր իրավիճակ ՀԱՊԿ-ում, որն էլ արտահայտում է Հայաստանի ներկայացուցչի հարցում կոնսենսուսը, բայց կոնսենսուսը թերեւս Ռուսաստանի մոտեցման շուրջ՝ թուրքական հանրաքվեից առաջ: Ըստ այդմ հետաքրքիր է դառնում, թե գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջինը դեպի ու՞ր «կքշի» Յուրի Խաչատուրովը:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am