Այսօր՝ ապրիլի 21-ին , ուղիղ կեսգիշերին մեկնարկում է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ մայիսի 12-ը՝ ներառյալ։

Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ինը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանինը»՝ Զարուհի Փոստանջյանը:

Ընտրություններին «Հանրապետական» կուսակցությունը մասնակցում է «Հանուն Երեւանի» կարգախոսով։ Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժի՝ «Ելք» դաշինքի կարգախոսը հետեւյալն է՝ «Երեւան ջան, ելք կա»: Դաշինքը նաեւ տեսահոլովակ է նկարահանել, որտեղ երգելու է նաեւ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Կեսգիշերին դաշինքի թեկնածուներն ու համակիրները քարոզարշավը սկսել են Ազատության պողոտայում գտնվող հուշահամալիրի մոտից, որտեղից օդապարիկներ են բաց թողել երկինք։

«Ելքն» արդեն իսկ հայտարարել է նաեւ, թե ինչ է նախատեսվում ապրիլի 21-ին. Մոսկովյան, Իսահակյան եւ Տերյան փողոցներին հարող հատվածից մեկնարկող երթը կավարտվի Հյուսիսային պողոտա - Տերյան խաչմերուկին հարող տարածքում, որտեղ կկայանա հավաք եւ համերգ:

«Երկիր Ծիրանին» առայժմ փակագծերը չի բացում: Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը խոստացել է, որ կարգախոսը կհայտնեն այսօր։ Կուսակցությունը քարոզարշավը սկսելու է հեծանվաերթով, որը կմեկնարկի Ազատության հրապարակից, ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին:

Մայիսի 13-ին լռության օր է լինելու, իսկ 14-ին կայանալու են ընտրությունները։ Նշենք, որ ընտրվելու է 65 հոգանոց ավագանի։ Երեք ուժերի մասնակցության դեպքում անցողիկ շեմ սահմանված չէ։