«Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարության նիստում վարչապետը մի շարք խիստ հանձնարարականներ է տվել՝ ուղղված ամբողջ երկրում աղբահանության կազմակերպմանը՝ արձանագրելով, որ իրավիճակը ողբերգական է: Վարչապետը, իհարկե, իրավացի է, Հայաստանում աղբահանությունը որևէ կերպ չի կարող բավարար համարվել, ճանապարհները պարզապես կեղտոտ են, ինչպես կեղտոտ են ժամանցի, հանգստի և զբոսաշրջային գոտիները: Այս ամենը իրականություն է, սակայն մյուս կողմից մաքուր քաղաք, մաքուր երկիր ունենալու համար, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, նախ և առաջ հարկավոր է փոխել հասարակական հոգեբանությունը: Այս տեսանկյունից կոշտ միջոցառումները, տույժ ու տուգանքները չեն կարող որակական արդյունքի բերել, եթե չփոխվի մարդկանց պատկերացումներն ու երբեմն էլ սովորույթները:

Բացի այս, ընդունելով հանդերձ վարչապետի ճշմարտացիությունը, պետք է հնչեցնել հաջորդ հարցը՝ իսկ ինչի արդյունքում ենք մենք հայտնվել նման իրավիճակի առաջ, ինչի արդյունքում են կեղտոտ մեր հասարակական ու զբոսաշրջային վայրերը: Արդյոք միայն նրա, որ չկան համապատասխան ոստիկանական և վարչական կոշտ քայլեր, և այս իրավիճակը կարելի է փոխել տարբեր օրենքներ ընդունելով, թե այնուամենայնիվ, խոսքը գնում է ավելի խորը և արմատական խնդիրների մասին: Ի վերջո, փաստն այն է, որ մաքուր երկիր կամ, ինչպես ասում է վարչապետը, մաքուր Հայաստան ունենալու համար բավարար չէ, որ քաղաքացիները ավտոմեքենաների պատուհաններից դուրս չնետեն ծխախոտատուփեր և այլ աղբ, քանի որ կան Հայաստանը շատ ավելի մեծ ծավալներով աղտոտող իրողություններ՝ սկսած արդյունաբերական թափոններից, վերջացրած կենցաղային աղբով: Իսկ միգուցե այստեղ հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չկա աղբամշակման լայնորեն կիրառելի պրակտիկա, ինչպես բազմաթիվ այլ երկրներում:

Թերևս հարցը հենց այս տեսանկյունից դիտարկելու դեպքում, իրավիճակը գուցեև հնարավոր լիներ փոխել: Հակառակ դեպքում բովանդակային առումով շատ բան չի փոխվի, եթե ճանապարհներից հավաքված աղբը տեղափոխվի Նուբարաշենի կամ մեկ այլ աղբանոց, որոնցից տարածվող գարշահոտությունը կիլոմետրերով է տարածվում և սպառնում հսկայական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակին: Այս խնդիրը, ի դեպ, նոր չէ և տարիներ շարունակ սպասում է իր լուծմանը, որն այդպես էլ չի գալիս:

Մյուս կողմից, անշուշտ, պետք է շեշտել նաև, որ խնդիր կա նաև քաղաքացիների մտածելակերպի հետ կապված, քանի որ մեզանից շատերը, երբեմն նույնիսկ չգիտակցելով, կարող են կեղտոտել իրենց միջավայրը: Այստեղ արդեն հարկավոր են, այսպես ասած, համապատասխան հոգեբանա–դաստիարակչական աշխատանքներ այն մասին, որ մեր տունը չի վերջանում տան ցանկապատով, այլ որ ամբողջ երկիրն է և ցանկապատից դուրս նետված աղբը շարունակում է մնալ «տան» մեջ և աղտոտում մեր միջավայրը: Այստեղ թերևս վարչապետը ճիշտ է՝ կոշտ քայլերի մշակման հանձնարարականներ տալով:

Ի դեպ հետաքրքիր է նշել, որ եվրոպական և ամերիկյան մի շարք երկրներում տուգանք է նախատեսված նույնիսկ այն դեպքերում, երբ քաղաքացիները աղբը թափում են առանց տեսակավորելու՝ պլաստիկ տարաներ, ապակյա տարաներ, սննդային մնացորդներ, կենցաղային այլ աղբ և այլն:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում