Երկու օր է՝ facebook սոցիալական ցանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ տեսահոլովակում նկարահանված Նելլի Ղարդյանն է, ով Երևանի ավագանու ԵԼՔ դաշինքի 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Նելլի Ղարդյանը սովորում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որպես հոբբի՝ զբաղվում է նաև դերասանական աշխատանքով, նկարահանվում է տեսահոլովակներում, սերիալներում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նելլի Ղարդյանը պատմեց, թե ինչպես է հայտնվել ՀՀԿ նախընտրական տեսահոլովակում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի տեսահոլովակում նկարահանվելուն, ապա, նրա պատմելով, տեղյակ չի եղել, որ ՀՀԿ նախընտրական տեսահոլովակում է նկարահանվում. «Ես հրավեր ստացա տեսահոլովակում նկարահանվելու, և սկզբում անգամ ակնարկ չի եղել, որ ՀՀԿ-ի տեսահոլովակն է: Նույնիսկ սկզբում աշխատակազմից ինձ ասացին, որ սա տեսահոլովակի նկարահանում չէ, հետո վերջում կասենք, թող անակնկալ լինի: Ինձ համար շոկային էր, երբ երկրորդ օրվա նկարահանման վերջում, քսան րոպե առաջ նոր լսեցի, որ Կարեն Կարապետյանն է եկել: Այդ ժամանակ նոր իմացա, որ այս տեսահոլովակն ինչ-որ առնչություն ունի ՀՀԿ-ի հետ: Տեղում փորձեցի ինչ-ինչ պարզաբանումներ անել: Բայց արդեն ուշ էր, մենք Հայաստանում ենք: Նույնիսկ այդ պարագայում դեռ չգիտեի, որ ՀՀԿ-ի քարոզարշավի տեսահոլովակն է լինելու: Հետո արդեն ինչ-որ բաներ անել ուշ էր»,-հավելեց Նելլի Ղարդյանը:

Իսկ ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին ԵԼՔ դաշինքով առաջադրվելուն, ապա, նրա խոսքով, ինքը մեծացել է ընդդիմադիրների ընտանիքում, իր միտքը և ազատությունը դրսևորել է պայքարելով: ԵԼՔ դաշինքի ձևավորման պահից էլ այդ թիմի հետ է, նաև վստահաված անձ է եղել խորհրդարանական ընտրություններին:

«Բոլոր վայ վայ կարող եմ ասել, որ մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ իշխող կառավարությունը, ՀՀԿ-ն տարբեր ասպարեզներում մարդկանց խաբում է, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, խաբվել եմ, բայց որպես դերասան՝ ես այս դեպքում թերի ինֆորմացացված եմ եղել, ինչը հետագայում իմ քաղաքական քայլերի հետ կապված ինչ-ինչ խնդիրների առաջ է ինձ կանգնեցրել: Եվ ես մեր կառավարության, նաև քաստինգ ստուդիայի թերի աշխատանքի արդյունքում ուղղակի խաբված քաղաքացի եմ»,-հավելեց նա: