102 տարի է անցել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից՝ Հայոց Ցեղասպանությունից։ Ապրիլի 24-ին հայերը ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք խլած՝ մարդկության դեմ այդ հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին։

Տարատեսակ ակցիաներ են անցկացվում աշխարհի բոլոր այն քաղաքներում, որտեղ հայեր են բնակվում։ Հիմնական միջոցառումը կանցնի Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որը խորհրդանշում է թե զոհվածների կորստի վիշտը, թե ազգի վերածնունդը։ Անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, պատգամավորները, կառավարության անդամները, դիվանագիտական կորպուսի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները հայերին մեղադրել էին Ռուսաստանի նկատմամբ համակրանքի մեջ ու դա օգտագործել որպես պատրվակ՝ ամբողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար։ 1915-1923 թթ․ իրադարձությունները բազմաթիվ պատմաբանների կողմից գնահատվում են որպես պետության կողմից աջակցված զանգվածային կոտորած՝ ցեղասպանություն։ Թե Հայաստանը, թե ամբողջ առաջադեմ մարդկությունը տեղի ունեցածը համարում է ցեղասպանություն, որը խլել է ավելի քան 1․5 մլն մարդու կյանք։ Դա անցած դարի սկզբի դրությամբ բոլոր հայերի կեսն էր։

Հայոց ցեղասպանության փաստն ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից։ Առաջինը 1965-ին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը ,Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, նաև ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։