Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ապրիլի 24-ի առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին:

Պետության ղեկավարին ուղեկցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, կառավարության անդամներ:

Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բլուր են ուղեւորվում հազարավոր մարդիկ, դիվանագիտական կորպուսի, սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր եւ հայաստանցիներ։

1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել եւ մահապատժի էր ենթարկվել հայ ողջ մտավորականությունը։ Այդ օրը դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստն ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից։ Առաջինը 1965-ին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը ,Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, նաև ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։